Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակ չծառայածը չի կարող իմ երկիրը ղեկավարել. Մանախ

Ապրիլ 22,2025 22:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Համազգային ճակատ» կուսակցության նախաձեռնությամբ՝ այսօր 80 մետրանոց հայկական դրոշն է ծածանվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Կուսակցության անդամներն ու համակիրները երթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են հասել՝ հայտարարելով, որ մերժում են հայոց ցեղասպանությունը մերժողներին ու կասկածի տակ դնողներին:

«Այս իշխանությունները մի գիշերվա մեջ 120.000 հայի մերժեցին, 120.000 հայից հրաժարվեցին: Իրենք Ադրբեջանի կամակատարն են Հայաստանում»,- լրագրողներին ասաց կուսակցության  նախագահ Արսեն Վարդանյանը:

Վարդանյանն անդրադառնալով «Կրթվելը նորաձեւ է» արշավին՝ ասաց, որ կրթվելը միշտ է նորաձեւ եղել բոլոր մարդկանց համար. «Տվյալ պարագայում իրենց կրթությունը նորաձեւ է, մտնում է այն ձեւաչափի մեջ, որը ստանում են Բաքվից՝ մեր պատմությունը խեղաթյուրելով, ցեղասպանությունը մերժելով, ՀՀ տարածքները ճանաչելով Ադրբեջանի տարածք: Սա դառնում է  նորաձեւ»:

Երթի մասնակիցները այսօր վանկարկում էին՝ «Թուրքը Հայաստան չի մտնելու», իսկ կուսակցության անդամներից Արթուր Ավետիսյանը նկատեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ թուրքը գա Հայաստանում իշխի. «Մենք դա թույլ չենք տալու»:

Երթի մասնակիցների մեջ էր նաեւ «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը: Նա հիշեց, որ ժամանակին թշնամու մեկ կրակոցի դիմաց 10 կրակոցով էինք պատասխանում, իսկ հիմա պատասխանող չկա. «Բանակ չծառայածը չի կարող իմ երկիրը ղեկավարել: Ես զինվորական եմ, ես գերագույն գլխավոր հրամանատար չունեմ: Ես ունեմ գլխավոր շտաբի պետ, որն ասում է ՝ թշնամին սոված կմնա, կգնա, փամփուշտները կպրծնեն, էլ չեն կրակի: Մենք էդպես չենք ապրել, էդպես չենք սովորել: Մենք այն ժամանակ մեկ կրակոցին տասը պատժում էինք ու խելոք վեր էին ընկնում տեղները»:

Երթի մասնակիցներից մեկն էլ թասիբ ունեցողներին արթնության կոչ էր անում. «Մեր թասիբով ժողովրդին կոչ եմ անում՝ արթնացեք, իշխանությունը թրքացնում է  Հայաստանը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930