«Թույլ տվեք ասել, որ իրական Հայաստանում ցեղասպանությունը տեղ պիտի չունենա։ Առհասարակ Հայաստանում այլևս երբեք ցեղասպանություն պիտի չլինի, ինչպես օրինակ տեղի ունեցավ նաև 2023-ին Լեռնային Ղարաբաղում։ Նմանատիպ բաներ իրական Հայաստանում այլևս երբեք պիտի չլինեն»,-փաստմանը՝ վաղը ապրիլի 24-ն է, և պետական մակարդակով որևէ միջոցառում կազմակերպված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, սովորաբար պետական մակարդակով հանձնաժողովներ են ստեղծվել, միջոցառումներ ծրագրվել և հարցին՝ սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Հայոց ցեղասպանությունը իրական Հայաստանում տեղ չունի, և պատմական Հայաստանում տեղի ունեցող իրադարձություն է եղել, ճեպազրույցի ժամանակ այսպես արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Վահագն Ալեքսանյանը վստահեցրեց՝ ցեղասպանության հիշատակը մեր բոլորի սրտերում է․ «Մեր իշխանությունը երբեք չի ուրացել, չի պատրաստվում ուրանալ ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը չի փորձում մոնետիզացնել, դարձնել ինչ-որ վաճառելի բան արտաքին հարաբերություններում։ Մենք վաղը բոլորս միասին սգալու ենք մեր անմեղ նախնիների հիշատակը և այցելելու ենք Ծիծեռնակաբերդ, ինչպես ամեն տարի։ Որոշ միջոցառումներ կարծում եմ՝ կան․ չեմ կարող կոնկրետ ինչ-որ բաներ ասել»։
Այնուհետև ՔՊ խմբակցության քարտուղար, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանը սկսեց դասեր տալ հարցադրումը հնչեցրած լրագրողին՝ ասելով, թե նրա հարցը խիստ անհասկանալի է իր համար ու նշեց․ «Ինձ միշտ զարմացնում է, թե ինչու են ձեր հարցերը ծնվում բացառապես ընդդիմության թեզերից։ Ինձ մոտ տպավորություն է, որ երբ մենք ձեզ բան ենք ասում, դուք մեզ չեք լսում կամ չլսելու եք տալիս։ Դուք լրագրող եք, և խնդրում եմ Ձեզ՝ առանձնահատուկ մեկնաբանություններ մի դրեք Ձեր հարցերի մեջ։ Ինչպե՞ս կարող եք ասել՝ փաշինյանական իշխանություն, ասեք ՀՀ իշխանություն, ՀՀ վարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր, որոնք բարձրաստիճան պաշտոններ են, և նրանց՝ ՀՀ ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ պետք է հարգալից լինեք։ Կոչ եմ անում լրատվամիջոցներին առհասարակ մոտիկ չգալ ցեղասպանության թեմային, նույն կոչն անում եմ նաև ընդդիմությանը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ