Նիկոլ Փաշինյանը կարող է փոխել իր տեսակետը, բայց դա չի փոխում ո՛չ ազգային տեսակետը, ոչ՝ աշխարհընկալումը: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով վերջին տարիներին հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի տեսակետների փոփոխությանը:
«Ցեղասպանությունը մեր աշխարհընկալման կարեւորագույն մասն է , եթե Նիկոլ Փաշինյանը դա չի hասկանում՝ դա իր անձնական խնդիրն է: Մենք մի քանի տարի անց կմոռանանք՝ ով ինչ է ասել, սա չենք մենք մոռանա: Հայ ենք այնքանով, որքանով հիշում ենք: Մարդը տարբերվում է կենդանիներից, որ փոխանցում է սերնդեսերունդ իր գիտելիքները, ցավը, դա կոչվում է պատմություն եւ բարոյականություն»,- ասաց Խզմալյանը:
Նրա խոսքով, եթե մենք զգում ենք, որ մեր պահանջատիրությունը, ազգային շահը, ազգային արժանապատվությունը չի արտացոլվում կառավարության գործունեության մեջ, պետք է փոխել կառավարությունը: Նա պնդեց, որ որոշ հարցերում իր նշած հարցերը չեն էլ արտացոլվում:
Տիգրան Խզմալյանի խոսքով, ինքը Փաշինյանին աջակցում էր միայն եվրաինտեգրման օրենքի հարցում. «Ես դեմ եմ նրան, ինչ հիմա է ինքը անում Արցախի հարցում: Երբ Արցախը հանձնվում էր, ես ռազմաճակատում էի: Հիմա չեմ քննարկում՝ ով, ինչ է հանձնել: Ես այսօր Փաշինյանի մասին չեմ ուզում խոսել, այստեղ եկել եմ այլ հարցով»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ջահերով երթի ժամանակ թուրքական եւ ադրբեջանական դրոշները այրելու վերաբերյալ Փաշինյանի քննադատությանը՝ պարոն Խզմալյանն ասաց, որ ծանոթ չէ Փաշինյանի ասածներին, բայց ինքն անձամբ էլ է դեմ որեւէ դրոշ այրելուն. «Մեր արժանապատվությունն ու ապագա հաղթանակները դրոշ այրելով չէ: Պետք է ուրիշ բաներ այրել: Այդ կրակը պետք է մեր սրտում պահենք, ոչ թե իրերի վրա վայրենիների պես հարձակվել: Թշնամու դրոշը չեն այրում, պոկում են հայրենիքիցդ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ