Իրանում Հայաստանի դեսպանության պահանջով Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանին արգելել էին ելույթ ու հանդիպումներ ունենալ Թեհրանում։ Նա Թեհրանում էր գտնվում՝ մասնակցելու ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախաձեռնած միջոցառմանը։ Թեհրանի հայկական «Արարատ» մարզավանում նախատեսված միջոցառմանը Աբրահամ Գասպարյանը հրավիրված էր որպես բանախոս։ Նրան փոխարինել էր «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամիկ Շահնազարյանը:
Աբրահամ Գասպարյանը օդանավակայանից մեկնաբանեց Թեհրանում կատարվածը:
«Նախատեսված էր, որ Իրանի հայ համայնքի, մասնավորապես ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի հրավերով, որն ամենաազդեցիկ եւ քաղաքականապես ամենահասուն կառույցներից մեկն է, եթե չասեմ` գլխավորը, տեղի ունենան մի շարք հանդիպումներ, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Իրանի առաջատար ուղեղային կենտրոնների, փորձագետների խմբերի եւ տնօրինությունների հետ:
Կարդացեք նաև
Հրավիրված էի որպես Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն: Շատ կարեւոր էին այդ հանդիպումները Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի, տարածաշրջանային համատեքստում հայ-իրանական համագործակցության, այլ խնդիրների շուրջ քննարկումներ ունենալու առումով»,-նշեց Աբրահամ Գասպարյանը:
Նրա խոսքով, նախատեսված էր նաեւ 6 հարցազրույց իրանական առաջատար լրատվամիջոցների հետ, որոնցից 2-ը հեռուստաընկերություն էին, 4-ը՝ թերթ: «Առանցքայինը ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման, ոգեկոչման օրվա կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ կենտրոնական բանախոսությամբ հանդես գալն էր: Ամսի 23-ի գիշերը, սակայն, տեղեկանում ենք, որ Հայաստանի իշխանությունների անմիջական պահանջն է դրվել իրանական կողմի սեղանին, որ այս անձը՝ ես, որեւէ հանրային հանդիպում եւ հանրային խոսք չպետք է ունենամ իրանական լրատվամիջոցներում»,-նշեց Genesis Armenia-ի տնօրենը:
Նրա ձեւակերպմամբ, ՀՀ գործող իշխանությունները անհանգստացած են ցանկացած ազգային խոսքից եւ անասնական հակաքարոզ են տանում՝ ազգը եւ պետությունը թիրախավորելով: «Հայաստանում կա մտքի տեռոր, այս իշխանությունը կարող է ոչ միայն հայրենազրկում անել, մարդկանց թողնել Բաքվի բանտերում, այլեւ մտքի տեռոր անել, այս իշխանությունը ոչ մի կարմիր գիծ չունի»,-ընդգծեց Աբրահամ Գասպարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ իրանագետ Տիգրան Դավթյանի ֆեյսբուքյան էջից