Վլադիմիր Պուտինը Նիկիտա Սիմոնյանին Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում է շնորհել, հայտնում է РБК-ն:
«Արարատի» նախկին մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, 98-ամյա Սիմոնյանը այս կոչումը ստացել է պետությանը մատուցած ծառայությունների և ֆուտբոլի զարգացման ու հանրահռչակման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է 1956 թվականի Օլիմպիական ոսկե մեդալը։
1958 թվականին ԽՍՀՄ հավաքականը նորամուտը նշել է Շվեդիայում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ Նիկիտա Սիմոնյանը թիմի ավագն էր։ Նա խփել է Խորհրդային հավաքականի առաջին գոլը՝ Անգլիայի դեմ խաղում։ Մրցաշարից հետո հարձակվող Նիկիտա Սիմոնյանը հեռացել է հավաքականից՝ ընդհանուր առմամբ խաղալով 20 խաղ և խփելով 10 գոլ։
Կարդացեք նաև
ԽՍՀՄ առաջնությունում Սիմոնյանը խաղացել է 285 խաղ՝ խփելով 145 գոլ։ Նա «Սպարտակ»-ի կազմում նվաճել է ԽՍՀՄ առաջնությունը 1952, 1953, 1956 և 1958 թվականներին, իսկ ԽՍՀՄ գավաթը՝ 1950 և 1958 թվականներին։
Նիկիտա Սիմոնյանը «կարմիր-սպիտակ»-ների՝ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։
Որպես մարզիչ՝ Սիմոնյանը երկու անգամ (1962թ. և 1969թ.) ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալների է «տարել» Մոսկվայի «Սպարտակ»-ին, մեկ անգամ էլ՝ Երևանի «Արարատ»-ին (1973թ.):
1998 թվականի դեկտեմբերին Սիմոնյանն ընտրվել է ՌՖՄ փոխնախագահ, իսկ ավելի ուշ՝ առաջին փոխնախագահ:


















































