«Հերոսները ազգություն չունեն: Մեր հարեւան երկիրը հայտարարում է, թե միանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը եւ միեւնույն ժամանակ ոչնչացնում է երկու մարշալների՝ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի տուն-թանգարանները իրենց ծննդավայրում: Նրանք այդ տուն-թանգարանները այսօր վերածել են «չայ-խանայի»,-ելույթ ունենալով «Աշխարհն առանց նացիզմի» խորագրով քննարկման ժամանակ՝ ասաց ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ, միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ֆակուլտետի դոցենտ Գրիգոր Բալասանյանը:
«Սա անթույլատրելի է: Մարշալները մեղավոր չեն, որ հայ են: Ավելին, ես ուրախությամբ կնշեի ադրբեջանցի գեներալների անուններ, եթե լինեին: Մենք մեղավոր չենք, որ ունենք 5 մարշալ եւ Խորհրդային Միության 106 հերոս, իսկ մեր հարեւանները չունեն:
Դրա համար այս խնդրին անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ: Անթույլատրելի է հերոսներին գնահատել ազգային հատկանիշներով: Այսօր Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բոլոր գյուղերում, ոչնչացվում են Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները: Եվ դրան, ցավոք, առայժմ, քաղաքական գնահատական չի տրվում:
Բանը հասել է այնտեղ, որ մեր երկրի ներսում էլ որոշ քաղաքական շրջանակներ ու հասարակական գործիչներ արդեն բացեիբաց ասում են, թե Խորհրդային Միության 106 հայ հերոսները ի՞նչ կապ ունեն ներկայիս Հայաստանի հետ: Որ նրանք պատերազմել են ուրիշ պետության համար, որը մեզ հետ ոչ մի կապ չունի: Ավելին, որոշ քաղաքական վարձկաններ ժամանակին հանդես էին գալիս մարշալ Բաբաջանյանի արձանը կանգնեցնելու դեմ միայն այն բանի համար, որ, պարզվում է, նա ժամանակին «ոչնչացնում էր» ժողովրդավարությունը Հունգարիայում: Եվ սա էլ փաստ է, որին, ցավոք, մինչեւ հիմա քաղաքական գնահատական չի տրվել:
Կարդացեք նաև
Այսօր հաղթանակի մասին խոսում են երկրներ, որոնք ժամանակին Հիտլերի դաշնակիցներն էին: Այդ երկրները ասում են, թե իրենք են հաղթել հիտլերյան Գերմանիային ու ֆաշիզմին, եւ Խորհրդային Միությունը դրա հետ կապ չունի: Այդ շարքում կան պետություններ, որոնք հիտլերականների ճնշմանը անգամ 40 օր չեն կարողացել դիմակայել:
Մեծ հաղթանակի համար հայերը 300 հազար կյանք են տվել: Դա այնքան է, որքան կորուստ տվել է ԱՄՆ-ը: Եվ այսօր մեզանից ուզում են խլել «ազատագրող եւ հաղթող ժողովուրդ» տիտղոսը: Մեր խնդիրը երիտասարդ սերնդին բացատրելն է, որ չպետք է լսել, թե Հայրենական մեծ պատերազմի մասին ինչ են ասում քաղաքական վարձկանները: Նրանք պետք է իմանան այդ պատերազմի իրական պատմությունը եւ պետք է հպարտանան, որ իրենք հաղթած ու Եվրոպան ազատագրած ժողովրդի հետեւորդներն են»,-ասաց պարոն Բալասանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ