Օրեր առաջ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մի երկարաշունչ տեքստ էր գրել՝ փորձելով Հայոց ցեղասպանության ուրացման պատասխանատվությունը դնել ՀՅԴ-ի վրա, ինչպես անում են յուրաքանչյուր անգամ իրենք՝ իրենց քաղաքական առաջնորդի հետ միասին՝ հերթական հրաժարման, հանձնման ու ուրացման համար մեղադրելով բոլորին, բայց ոչ՝ իրենց:
Տեքստին կարելի էր չանդրադառնալ, եթե այն չավարտվեր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից տարիներ առաջ Արարատ լեռան տարբերանշանի հանման շահարկվող փաստով:
«Մնացածը հեքիաթներ են, ինչպես Արարատի պատկերը ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկից հեռացնելը որպես թյուրիմացություն որակելու դաշնակցական արդարացումները»,- գրել էր Հայկ Կոնջորյանը՝ երկրորդելով խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին:
Հայկ Կոնջորյանն այդ մասին նաև ԱԺ ամբիոնից էր խոսել, և 168.am-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին խնդրեց պարզաբանել՝ ի՞նչ էր այնուամենայնիվ տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Գյուլի այցին նախընթաց օրերին, և ինչպես էր Արարատ լեռան տարբերանշանը բացակայել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկից:
Կարդացեք նաև
«Կապիտուլյանտներին թվում է, որ Նոյեմբերի 9-ի պայմանագիրը կամ Պրահայի փաստաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց և ճանաչեց Ադրբեջանի կազմում, ես եմ ստորագրել… Նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ ֆուտբոլային դիվանագիտության օրերին մարզաշապիկի վրա Արարատ լեռան տարբերանշանը գնդակով ծածկելն ուղղակի թյուրիմացություն է եղել: Դա իմ մեղքն է եղել, և ես դրա մասին ժամանակին ասել եմ ու ներողություն եմ խնդրել: Կրկնում եմ՝ դա իմ բացթողման հետևանքն է եղել, և որևէ քաղաքական ենթատեքստ դրանում չկա»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Հայրապետյանը նկատեց՝ եթե իրեն դրա համար փորձում են մեղադրել, իր այդ «հանցանքն» ավելի ծանր չի եղել, քան Նոյեմբերի 9-ի կամ Պրահայի փաստաթղթերը ստորագրելը, հիմա էլ 3-րդ կապիտուլյացիային պատրաստվելը:
«Թող դրա մասին մտածեն, ոչ թե զինանշանը թյուրիմացաբար փակելը պատմություն դարձնեն»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:
Ռուբեն Հայրապետյանը հիշեցրեց՝ նույն Թուրքիայում հավաքականը խաղացել է հին մարզաշապիկով, որի վրա հստակ երևացել է Արարատը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում