Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով ազդեցություն գործել Ադրբեջանի վրա եւ չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը»․ Փույա Հոսսեյնի

Ապրիլ 28,2025 14:09

Իրանը փորձում է իր ազդեցությունն օգտագործել՝ Իրանի տարածքով ապահովելու Ադրբեջան-Նախիջեւան կապը, որպեսզի Ադրբեջանն այլեւս առիթ չունենա բարձրացնել այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքի հարցը։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին (լուսանկարում)։

Իրանի նախագահն Ադրբեջան կատարած այցին ընդառաջ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային եւ տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները կարգավորվեն՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։ «Այս խնդրի լուծմանն օժանդակելու համար մենք այժմ աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Այդ ուղղությամբ ճանապարհաշինական և երկաթուղային աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Մենք արդեն այդ հարցի շուրջ պայմանավորվել ենք, եւ, Աստծո կամքով, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման հարցում որևէ խոչընդոտ չի առաջանա»։

Փույա Հոսսեյնին ասում է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում հնարավոր զարգացումներով։ «Հիմա մենք տեսնում ենք, որ Իրանի հետ բանակցություններ են տեղի ունենում։ Եթե Իրանի բանակցությունները ԱՄՆ հետ ձախողվեն, հնարավոր է ռազմական ճանապարհով փորձեն Իրանի հետ խնդիրները լուծել։ Իրանը մտահոգված է, որ Անդրկովկասում էլ երկրորդ ճակատ կստեղծեն, եւ Իրանի թույլ իրավիճակում Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն իրականացնել։ Հետեւաբար, Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով ազդեցություն գործել Ադրբեջանի վրա եւ չեզոքացնել հետագա խնդիրները»,- ասաց նա։

Հարցին, թե այսինքն՝ հնարավո՞ր է Բաքվի հետ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել, որ հրաժարվեն Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումներից, Փույա Հոսսեյնին պատասխանեց․ «Մենք արդեն մի քանի տարի է՝ տեսնում ենք, որ Իրանն ամեն փորձ անում է, որ չեզոքացնի այդ ծրագիրը, իրենց նկրտումները Սյունիքում ու մասնավորապես Զանգեզուրի միջանցքի հարցով։ Մինչեւ հիմա Իրանը կարողացել է իր ազդեցությունը պահպանել։ Մենք տեսել ենք, որ Էրդողանը հարցազրույցներից մեկում ասել է, որ միայն Իրանի գործոնն է մինչեւ հիմա իրենց զսպել, որ չեն կարողացել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն իրականացնել։ Դա Էրդողանի կողմից խոստովանություն է, որ Իրանի գործոնն այնքան մեծ է, որ իրենք չեն կարողացել իրականացնել իրենց ծրագիրը»։

Ըստ նրա՝ վերջերս անցկացված Իրան-Հայաստան զորավարժությունը եւս ուղերձ է հակառակ կողմին, որ Իրանն իր «կարմիր գիծը» ամեն դեպքում կպահպանի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930