Պռոշյանի եւ Քասախի բնակիչներն այսօր տրանսպորտի հարցով հանդիպեցին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ: Սակայն հանդիպմանը պռոշյանցիների մտահոգությունները չփարատվեցին, նրանց պահանջները չբավարարվեցին:
Հիշեցնենք, որ Պռոշյանի բնակիչները պայքարում են 25 համարի ավտոբուսի երթուղու կրճատման եւ նոր՝ ավելի թանկ երթուղի մտցնելու դեմ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը՝ 250 եւ 200 դրամ արժեքով, եւ այս պարագայում տրանսպորտը հասնելու է մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտ, իսկ Երեւանից դեպի Պռոշյան եկող երթուղին ՊՆ նախկին շենքի մոտից շրջադարձ է կատարելու ու վերադառնա Երեւան:
Բացի դրանից, վերջին տրանսպորտը քաղաքից շարժվելու է 19:30-ին։ Բնակիչները դժգոհ են, որ բացի թանկացումը, մեծ դժվարությամբ աշխատանքի հասնելուն զուգահեռ՝ եւս մեկ խնդիր է լինելու երեկոյան ժամերին տուն հասնելը:
Կարդացեք նաև
«Մեր խնդրանք առաջարկն է եղել, որ տրանսպորտը բարձրանա մոտ երեք հարյուր վերեւ, շրջադարձի տեղ կա վերեւում, որ ներքեւի հատվածներից էլ բնակիչները գան, նստեն տրանսպորտ: Պռոշյանի ծերերը, հիվանդ մայրերը, երեխաները ինչպես են այդքան քայլելու, մայթեզեր չկա այդ հատվածում: Պատկերացնո՞ւմ եք ինչ դեպքեր են լինելու»,- փոխնախարարին ասաց Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը:
Փոխնախարարը արձագանքեց. «Այնպիսի տպավորություն է, որ տրանսպորտ չի լինելու Պռոշյանում եւ Երեւանի տրանսպորտը գոնե 300 մետր պետք է մուտք գործի, որ Երեւանի տրանսպորտից օգտվեն: Մենք ասում ենք՝ ոչ: Համայնքում գործելու է տրանսպորտ, այն քաղաքացիները, որոնք ուզում են օգտվել Երեւանի տրանսպորտից, ամենածայրամասից նման հնարավորություն կա, խնդրեմ, օգտվեք »:
Փոխնախարարի խոսքով, Երեւանի տրանսպորտը համայնք չի կարող մտնել, որովհետեւ Երեւանի տրանսպորտը Երեւան համայնքը սպասարկելու համար է. «Ինչո՞ւ մնացած բնակավայրերից դեպի Երեւան ուղեւորությունը իրականացնելիս իրենք օգտվում են միջմարզային տրանսպորտից, այդ ձեր նկարագրած բոլոր անհարմարություններով, եւ ինչո՞ւ պռոշյանցին չի կարող դրանից օգտվել: Որպես այլընտրանք նաեւ, եթե ուզում է, օգտվել Երեւանի տրանսպորտից՝ որոշակի ճանապարհ անցնելով »:
Սերգո Մուրադյանն էլ փոխնախարարին բացատրեց, որ Պռոշյանի բնակիչները քաղաքի այլ հատվածներից տուն գալիս ֆինանսական մեծ բեռի են բախվելու. «Տրանսպորտը ֆիզիկայի խաչմերուկից է գալու, հիվանդներ ունենք, որ Կոմիտասից, Զեյթունից են գալու, այսինքն՝ տվյալ մարդիկ կանգնում են ֆինանսական բեռի առջեւ»:
Փոխնախարարը չհասկացավ բնակչի միտքը. «Հիմա ի՞նչ եք առաջարկում, որ Երեւանի ամեն շենքի մոտից դեպի Պռոշյան երթո՞ւղի լինի: Ես տրամաբանությունը չեմ հասկանում»:
Սերգո Մուրադյանն էլ նկատեց, որ առանց այն էլ տրանսպորտի սակագինը թանկացավ՝ դառնալով 150 դրամ, հիմա տրանսպորտի երթուղիների այս փոփոխությամբ, բնակիչները ստիպված մի քանի տրանսպորտ են փոխելու. «Մարդիկ ի վիճակի չեն, մարդկանց վիճակը մի քիչ հաշվի առնել է պետք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ