Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Լինել պաշտոնյա՝ չի նշանակում լինել այս երկրի եւ ժողովրդի սեփականատերը եւ միանձնյա որոշել, թե ինքը ինչ պիտի անի». Արա Պապյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ապրիլ 29,2025 15:12 Share

Այսօր արցախյան շարժման առաջամարտիկ Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է: ԱԺԲ խորհրդի անդամները եւ մի խումբ աջակիցներ այցելեցին Եռաբլուր փառքի պանթեոն՝ ոգեկոչելու Իգոր Մուրադյանի հիշատակը:

«Մենք միշտ Իգոր Մուրադյանի ծննդյան օրը գալիս ենք նրա շիրիմին՝ խնկարկելու նրա հիշատակը եւ հանձին իրեն, մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր բոլոր զոհվածներին, որ հանգչում են Եռաբլուրում եւ ռազմական գերեզմանոցներում: Սրանով մենք նորոգում ենք մեր ուխտը, պարտավորությունը՝ այս պայքարը շարունակելու, որովհետեւ ամեն կողմից ներշնչում են մեր ժողովրդին, որ պայքարն անիմաստ է, պետք է հանձնվել, պետք է թշնամու ողորմածությանը մնալ: Բայց պատմական փորձը, առավել եւս մեր այսօրվա փորձը ցույց են տալիս, որ մենք հաջողության եւ հաղթանակի ենք հասնում, եթե կա պայքար: Մեր հակառակորդները հաստատ աչքի չեն ընկնում մեր նկատմամբ որեւէ բարյացակամությամբ եւ նրանց նպատակն է՝ մեզ ոչնչացնելը:

Իգորն այն մարդն է, որ մշտապես հավատարիմ է եղել իր սեփական հայացքներին, չի գնացել կյանքի գայթակղության ճանապարհներով: Եվ մենք ուզում ենք հենց նրա կերպարի միջոցով ժողովրդին պայքարը շարունակելու օրինակ բերել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը:

Հարցին, թե մամուլում լուր տարածվեց, որ Փաշինյանը Տալլինում հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, Արա Պապյանը պատասխանեց. «Որեւէ դրական ակնկալիք չունեմ: Նախ, պետք է հասկանալ, թե ինչու է վարչապետը հանդիպում ուրիշ երկրների գաղտնի ծառայությունների ներկայացուցիչների հետ, այն էլ՝ Թուրքիայի, որի հետ մենք ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունենք: Նման հանդիպումը կարող էր լինել համարժեք ծառայությունների ղեկավարների միջոցով, իհարկե, եթե որոշեն համագործակցել: Մենք համագործակցելու բան էլ չունենք, որովհետեւ մեր շահերը լրիվ հակառակ են: Բրիտանական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը նախկինում Բրիտանիայի դեսպանն էր Թուրքիայում եւ հայտնի է թուրքական վերնախավի հետ սերտ հարաբերություններով, սերտ կապերով:

Ես կարծում եմ՝ ինչ-որ գործարք է ընթանում, որը հակաօրինական եւ հակասահմանադրական է: Ես ինքս բազմաթիվ բանակցությունների մասնակցել եմ: Եթե նպատակ չունեն ինչ-որ գործարք անելու, բանակցությունը անպայման տեղի է ունենում մի քանի հոգու մասնակցությամբ, համապատասխան արձանագրություններով եւ այլն: Սա իր մեջ ինչ-որ դավադրության երանգներ ունի: Սպասենք, տեսնենք: Նիկոլ Փաշինյանից դավադրությունը շատ սպասելի է: Տեսնենք՝ ինչ ենք զիջում, ինչ է ինքը մեր անունից տալիս, ինչ պարտավորություններ է վերցնում: Ինքն անընդհատ ասում է՝ սա չեմ անի, նա չեմ անի, բայց մենք տեսնում ենք, որ ինքը զիջումների գնում է:

Ես այստեղ ուզում եմ մի շատ կարեւոր հանգամանք շեշտել: Նա ինչ անում է՝ հակասահմանադրական է եւ անօրինական: Եվ իր ասածը, թե ես ընտրված եմ, հիմք չի տալիս: Նախ` ընտրությունը խիստ կասկածելի է: Ի վերջո, ընտրությունն ի՞նչ է: Կուսակցությունը հանդես է գալիս իր ծրագրերով, դրա դիմաց ստանում է ժողովրդի քվեն, վստահությունը եւ իրականացնում է ծրագիրը: Եթե տվյալ ծրագրից կա շեղում, կամ ինչ-որ բաներ, դրա համար կարգ կա: Պիտի հրաժարական տաս, նոր ծրագրով գնաս ընտրությունների եւ քվե ստանաս: Ինքը ինչ հիմա անում է, էապես հակասում է 2021 թվականի ՔՊ-ի ծրագրին: Լրիվ հակառակ բաներ է ասել: Հետեւաբար, լինել պաշտոնյա, դեռեւս չի նշանակում՝ լինել այս երկրի եւ ժողովրդի սեփականատերը եւ միանձնյա որոշել, թե ինքը ինչ պիտի անի»,-ասաց Արա Պապյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930