Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ արեւային վիտամինի մասին

Ապրիլ 30,2025 09:30

Վիտամին D

Այսօր աշխարհում շուրջ 1 միլիարդ մարդ ունի վիտամին D-ի պակաս, ընդ որում` այն արձանագրվում է բոլոր եւ էթնիկ, եւ տարիքային խմբերում:

Վիտամին D-ի պակասը դրսեւորվում է մկանային ցավերով, հիշողության եւ ուշադրության թուլացմամբ, անքնությամբ, վիրուսային եւ բակտերիալ ծագման հիվանդությունների նկատմամբ իմունիտետի թուլացմամբ:

Փորձենք հասկանալ, թե ինչն է ազդում մեր օրգանիզմում վիտամին D-ի քանակի վրա, ինչո՞ւ չենք կարող երկար ժամանակի համար կուտակել վիտամին D եւ ինչպես խուսափել պակասից:

Մի քիչ պատմություն

1922 թ. ամերիկացի կենսաքիմիկոս Էլմեր Մաքկոլումը ռախիտ հիվանդության ուսումնասիրման արդյունքում հայտնաբերեց մի նյութ, որն ուղղակի կապ ուներ այդ հիվանդության կանխարգելման եւ բուժման հետ: Հայտնաբերված նյութը ստացավ վիտամին D անվանումը՝ լատինական այբուբենի չորրորդ տառին համապատասխան, քանի որ դա գիտնականների կողմից հայտնաբերված թվով 4-րդ վիտամինն էր:

1928 թ. գերմանացի գիտնական Ադոլֆ Վինդաուսը լաբորատոր պայմաններում ստացավ սինթետիկ վիտամին D, որը հնարավորություն տվեց 17-րդ դարից հայտնի ռախիտի հիվանդությունը բուժել եւ կանխարգելել: Ճիշտ նույն տարում այդ հայտնագործության համար Վինդաուսը արժանացավ Նոբելյան մրցանակի: Այնուհետեւ 1931-1937 թթ. պարզվեց, որ որոշ քանակով վիտամին D կարող է առաջանալ մարդու մաշկի մեջ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության շնորհիվ:

Նշանակությունը

Վիտամին D-ի հիմնական ֆունկցիան օրգանիզմում հանքային տարրերի նյութափոխանակությանը մասնակցելն է: Վիտամին D-ի բավարար քանակությունը այն հիմնական գործոններից է, որն ապահովում է օրգանիզմի նորմալ աճի եւ զարգացման գործընթացը, ինչպես նաեւ ոսկրերի ճիշտ ձեւավորումը, ռախիտի եւ օստեոպորոզի կանխարգելումը: Ինչպես նաեւ վիտամին D-ն վերահսկում է բջիջների բազմացումը, խթանում է հակաբակտերիալ սպիտակուցների առաջացումը, ապահովում է նյարդային համակարգի աշխատանքը, մասնավորապես «հակադեպրեսիվ» հորմոնների՝ դոֆամինի եւ սերոտոնինի առաջացումը, նպաստում է մաշկի վերքերի եւ լորձաթաղանթների արագ լավացմանը: Օգնում է օրգանիզմում յուրացնել կալցիումը եւ ֆոսֆորը, որոնք կարեւոր են ոսկրերի զարգացման համար:

Մեծ է վիտամին D-ի նշանակությունը օրգանիզմի իմունիտետի ձեւավորման վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ վիտամին D-ի քանակը բավարար է օրգանիզմում, կրճատվում են սուր շնչառական հիվանդությունները:

Ի դեպ, վիտամին D-ի հետ կապված կան մի շարք միֆեր, որոնցից ամենահինն այն է, որ դա հարկավոր է օգտագործել ըստ տարվա սեզոնների:

Իրականում հարկավոր է գիտենալ, որ օրգանիզմում վիտամին D-ի առաջացումը կախված է մի շարք պայմաններից՝ արեւի ճառագայթների անկյունից, տվյալ տարածքի աշխարհագրական լայնությունից, տարվա եղանակից եւ օրից: Սա միակ վիտամինն է, որը մարդու օրգանիզմում առաջանում է եւ միայն սննդի միջոցով չէ, որ մարդը ստանում է:

Սակայն միաժամանակ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից մաշկում վիտամին D առաջանալու համար հարկավոր են մի շարք պայմաններ: Օրինակ՝ ամռան ամիսներին օրը 3 անգամ 15-20 րոպե տեւողությամբ գտնվել արեւի ճառագայթների տակ:

Վիտամին D-ի առաջացում տեղի չի ունենում, եթե արեւային եղանակին գտնվում եք մեքենայի մեջ կամ տանը, փակ պատուհանների ետեւում, քանի որ կարեւոր են ոչ միայն արեւը, այլեւ «B» սպեկտորի ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնք ապակիներին հանդիպելով ցրվում են, եւ օրգանիզմը վիտամին D-ի առաջացման համար բավարար չափով ուլտրամանուշակագույն ճառագայթներ չի ստանում: Բացի այդ, այդպիսի ճառագայթների ինտենսիվությունը օրվա ընթացքում, ամռան ամիսներին ամենաբարձրը ժամը 11.00-14.00-ի սահմաններում է, իսկ դա օրգանիզմի համար վտանգավոր է արեւահարության առումով:

Վիտամին D-ի առաջացմանը խանգարող հանգամանքներ են նաեւ օդի աղտոտվածությունը, արեւապաշտպանիչ միջոցները, նույնիսկ ամենացածր պաշտպանիչ SPF-15 քսուքները նվազեցնում են վիտամին D-ի առաջացումը 90 %-ով:

Ցավոք սրտի այն օրգանիզմում կուտակել նույնպես հնարավոր չէ, քանի որ ամեն օր ծախսվում է նյութափոխանակության գործընթացներում:

Սննդի միջոցով որոշ չափով կարելի է օրգանիզմն ապահովել վիտամին D-ով, սակայն դա չի կարող օրգանիզմի կենսաբանական պահանջը բավարարել: Որեւէ բուսական մթերք վիտամին D չի պարունակում: Միակ աղբյուրը կենդանական ծագում ունեցող մթերքներն են: Ամենաշատ քանակով վիտամին D պարունակում են յուղոտ ձկները՝ լասոս, սարդինա, սկումբրիա, ձկան յուղը, ձկնկիթը, ձվի դեղնուցը, տավարի լյարդը, տրեսկա ձկան լյարդը, կաթը, կարագը:

Վիտամին D-ի պակասի նշանները

v Մրսական հիվանդություններով հաճախակի հիվանդանալը,

v խրոնիկ հոգնածությունը,

v ոսկրերում խրոնիկ ցավի զգացողությունը,

v դեպրեսիան,

v մարսողական համակարգի խանգարումները (հատկապես փորկապություն),

v քրտնարտադրությունը,

v վերքերի դժվար լավացումը,

v մաշկի եւ մազերի չորությունը:

Վիտամին D-ի քանակը օրգանիզմում ճշտելու համար պետք է հանձնել արյան անալիզներ: Նորմայում այն կազմում է 30 նգ/մլ-ից ոչ պակաս: 30-20 նգ/մլ-ից քանակը համարվում է անբավարարություն, իսկ 20 նգ/մլ-ից պակասը՝ վիտամին D-ի պակաս:

Նորման ապահովելու համար, խորհրդակցելով բժիշկ-մասնագետի հետ, հարկավոր է ընդունել վիտամին D-ի պրեպարատներ: Ընդ որում` խորհուրդ է տրվում խմել օրվա առաջին կեսին, մինչեւ ժամը 12.00:

Պատրաստեց Շ. ՔՈՍՅԱՆԸ

Հոդվածը լույս է տեսել «TV ալիք» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930