Անկանոն վարելու ու «շումախերության» հերթական դեպքը՝ կառավարական համարներով մեքենայի կատարմամբ, արձանագրվեց նախօրեին։ Այս անգամ «փայլել» է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենան:
Սա պաշտպանության նախարարի անվան հետ կապվող արդեն երկրորդ միջադեպն է։ 2021թ․ հունիսի 16-ին ՏԿԵ նախարար Պապիկյանին սպասարկող Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Վայոց Ձորի մարզից Երեւան գալու ճանապարհին Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել էր դիմացից ընթացող «Նիվա» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի պատճառով, մեքենայում գտնված անչափահաս աղջիկը լուրջ վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել։
«Այս դեպքերը իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես «դժբախտ պատահարներ», այսինքն՝ պատահականություններ։ Իրականում, առնվազն 2019 թվականից բազմաթիվ դեպքեր են հայտնի դարձել թե՛ Նիկոլ Փաշինյանի շարասյան հետ կապված, թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրենց մերձավորների ավտոմեքենաների: Վերջերս, օրինակ, Սյունիքում Աննա Հակոբյանի շարասյունն ուղեկցող մեքենան էր այլ մեքենայի հարվածել, բարեբախտաբար՝ առանց զոհերի։ Նշանակում է, որ սա արդեն ոչ թե առանձին՝ իրար հետ կապ չունեցող դժբախտ պատահարների շարան է, այլ հստակ օրինաչափություն։ Հաշվի առնելով, որ դրանցից ամենաողբերգական՝ Սոնա Մնացականյանի գործով աչքի են զարնում իշխանությունների կողմից գործին խառնվելը թե՛ քննության փուլում, թե՛ դատավարության, կարող ենք նաեւ խոսել համակարգի կողմից խրախուսվող անպատժելիության մասին»,- «Հրապարակ»-ին ասում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, որը հետեւում է կառավարական մեքենաների մահաբեր «խրախճանքին»։ Նրա խոսքով, Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված երեխայի զոհվելուց մոտ 1 տարի առաջ կրկին Փաշինյանի շարասյան հետ կապված մեկ այլ վթար էր եղել, որի հետեւանքով տուժող կինը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում։ «Այդ բազմաթիվ դեպքերը կոծկվում են կամ խլացվում ամենօրյա հորդառատ եւ պղտոր ինֆորմացիոն հոսքերում, շատ դեպքերի մասին մարդիկ ընդհանրապես չեն խոսում՝ զգուշանալով հնարավոր բռնաճնշումներից։ Ցավոք, պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար, որ պաշտոնյաների ավտաշարասյունների, կառավարական մեքենաների ընդունած այս ոճը, վաղ թե ուշ, նոր ողբերգությունների է հանգեցնելու»,- ասում է մեր զրուցակիցը՝ շեշտելով այն անպատժելիության մթնոլորտը, որի պայմաններում տեղի են ունենում այս միջադեպերը։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: