Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագիրը երկարաձգվում է 2 ամսով։
«ՀՀ կառավարությունը 2024 թվականի նոյեմբերի 21-ին ընդունել է N 1833-Լ որոշումը, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ին ընդունվել է N 417-Լ որոշումը, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
Որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում 2025 թվականի ապրիլի 1-ից շահառուներ են դիտարկվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 63 և ավելի տարեկան կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք և մինչև 18 տարեկան երեխաները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը երեկ հայտարարեց, որ Ազատության հրապարակից հանում են վրանը, քանի որ կառավարությունը ոչ միայն 2 ամսով երկարաձգելու է 40 հազար դրամ աջակցությունը, այլ ընդունել է իրենց պահանջները։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ