Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա» անձի կյանքում բան է փոխվել․ իր թեյնիկի հարցում իրեն խաբել էին, մենք օգնել ենք»․ ՄՊՀ-ի կողմից 2024-ին ամենաշատ տուգանված ընկերությունները խաղային, բենզինի եւ սննդի ոլորտից են

Ապրիլ 30,2025 12:25

«Սպառողի ֆունկցիան սկսվել է իրականացվել տառացիորեն երեկ չէ առաջին օրը․ 1182 մարդու կյանքում բան է փոխվել, որովհետեւ այդքան դեպքերով զբաղվել ենք։ «Ա» անձի կյանքում բան է փոխվել, որովհետեւ իր թեյնիկի հարցում իրեն խաբել էին, մենք օգնել ենք։ Առաջին անգամ կա կենտրոնական մարմին, որտեղ ՀՀ սպառողը կարող է դիմել։ 1,6 միլիարդ դրամ փող է վերադարձվել գյուղացիներին՝ մթերողների կողմից, որից 1,2 միլիարդը՝ սիրո եւ համերաշխության պայմաններում, առանց վարչարարության: Մեծ սուպերմարկետը, որը լուծարվում էր, չփակվեց՝ մեր միջամտության արդյունքում եւ հազար մարդ չմնաց առանց աշխատանքի»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Նա պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանին։

Ընդդիմադիր պատգամավորն ասել էր՝ չեմ տեսնում ձեր հանձնաժողովի թիրախավորումը, որ ՀՀ քաղաքացու, որպես սպառողի, շահերը պաշտպանի եւ հետաքրքրվել՝ 2025 թվականին ի՞նչ եք նախաձեռնում սպառողի շահերի պաշտպանության դաշտը կարգավորելու համար։ Նա անդրադարձավ նաեւ գազի շուկային․ «Տաքսու վարորդները, հեղուկ գազով մեքենաները վարողներն ամեն օր խոսում են այդ մասին․ աշխարհում ինչ տենդենց տեղի է ունենում այդ շուկաներում, ՀՀ-ի իրավիճակն էապես տարբեր է։ Օրինակ, եթե 30-40 դրամից մի քանի օրում գինը դառնում է 160 դրամ, դա տնտեսական բացատրություն չունի․ ինչի՞ց է գալիս՝ դուք գիտեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը ներկայացնում էր 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը։

Գեղամ Գեւորգյանն իր հաշվետվության մեջ նշեց՝ 2024-ին հանձնաժողովը 3 միլիարդից ավելի տուգանք է նշանակել, ինչն աննախադեպ մեծ թիվ է։ Ամենախոշոր տուգանված ընկերությունների անուններ հանձնաժողովի նախագահը չհրապարակեց, միայն ասաց, որ դրանք խաղային ոլորտի, բենզինի եւ սննդի ոլորտների ընկերություններ են։

Գեղամ Գեւորգյանը տեղեկացրեց նաեւ, որ 2025-ին նախատեսվում է հանձնաժողովի անվանումը փոխել, այն վերանվանելով՝ Մրցակցության, սպառողների պաշտպանության  հանձնաժողով, եթե, իհարկե, խորհրդարանը հավանություն տա նախագծին։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930