Նոր Նորք վարչական շրջանի շենքում բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքից հետո վարչական շրջանում 18 հարկանի շենքի կառուցման շինթույլտվություն տալ-չտալու քննարկում ընթացավ: Ու թեեւ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը խոստացել էր ավարտից հետո պատասխանել լրագրողների հարցերին՝ դրժեց խոստումը:
Ավելի ուշ վարչական շրջանի ղեկավարի մոտ եկան «Հանրապետություն» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանը եւ Հայկ Սահակյանը:
Անի Խաչատրյանը հույս ունի, որ ծեծկռտուքից հետո քրեական վարույթ կնախաձեռնվի Արթուր Չախոյանի դեմ. «Հուսով եմ, որ սադրիչների դեմ քրեական գործեր կհարուցվեն… սա ժողովրդավարություն չէ, խոսքի ազատություն չէ: Սա անցնում է բոլոր թույլատրելի սահմանները, սա պետության դեմ է: Պետությունը, վերջապես մի քիչ պետք է թափ տա: Այս լեզուները խոսքի ազատություն չէ, այս լեզուները պետք է մի քիչ կտրել, որ մի քիչ հասկանանք՝ որն է խոսքի ազատությունը, որը՝ ամենաթողությունը»:
Կարդացեք նաև
Հենց նրանք էլ ստանձնեցին Տիգրան Տեր-Մարգարյանի թիկնազորի դերն ու նրան ուղեկցելով՝ լրագրողների հարցերից ապահով դուրս հանեցին վարչական շրջանի շենքից:
-Բերմա՞ն եք ենթարկում,- Խաչատրյանից հետաքրքրվեցին լրագրողները:
-Ո’չ,- արձագանքեց Խաչատրյանը:
«Հրաժարականի հարց քննարկվե՞լ է», – այս հարցին էլ նա պատասխանեց. – Իհարկե ոչ, ժողովուրդ, իհարկե ոչ, մենք «Հանրապետություն» կուսակցությունն ենք… Ու միշտ դուխով ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ