Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բարդ իրավիճակում է, բայց բարեկամներ ունի, որոնց վրա կարող է հույս դնել. Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության Մեծ վարպետ

Ապրիլ 30,2025 15:05

Այս օրերին Հայաստանում էր Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» (Grand Orient de France) մասոնական կազմակերպության Մեծ վարպետ Նիկոլա Պենինը (Nicolas Penin)`պատվիրակության հետ: Ավանդաբար «Մեծ արեւելքի» բոլոր Մեծ վարպետները ապրիլի 24-ին այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերին: Նիկոլա Պենինը այցելել է նաեւ Եռաբլուր պանթեոն:

Aravot.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության Մեծ վարպետ Նիկոլա Պենինը նշեց, որ իր այցը Հայաստանի եւ Ֆրանսիայի՝ համապարփակ, ինչպես նաեւ Հայաստանի եւ «Մեծ Արեւելքի» հարաբերությունների համատեքստում է:

Նիկոլա Պենին

«Առաջինը, բնականաբար, Հայոց Ցեղասպանության հարցն է մեզ համար, որի 110-րդ տարելիցն էր այս տարի նշվում: Այս տարի մենք պաշտոնապես մասնակցել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Փարիզի կենտրոնում՝ Կոմիտասի արձանի մոտ, բացի դրանից՝ իրականացրել ենք հանրայնորեն բաց կոնֆերանս 200 մասնակիցներով: Սա էր պատճառը, որ ապրիլի 24-ին այստեղ չէի, բայց դրանից հետո անմիջապես ժամանեցի Հայաստան, որպեսզի այցելեմ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, հանդիպեմ մեր ասոցիացիայի անդամների հետ, որոնք Հայաստանում են աշխատում, բերել եմ մեր ողջույնները: Հայաստանում հանդիպել ենք ՀՀ նախագահի, ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարի հետ, բնականաբար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ»,-նշեց Նիկոլա Պենինը:

Մեր հարցին, որ 2023-ի դեկտեմբերին իրենք հանդես էին եկել «Հայաստանը վտանգի մեջ է» կոչով, որին անցյալ տարի հետեւեց «Եղբայրական Հայաստան» ծրագիրը, այժմ ի՞նչ ծրագրով են այստեղ. Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության Մեծ վարպետը հետեւյալ կերպ արձագանքեց. «Այդ ծրագրերը մտածում ենք իրականացնել ոչ միայն Հայաստանի, այլեւ հայերի հետ: Հայ-ֆրանսիական եղբայրությունն անցյալ տարվանից չի սկսել, ոչ էլ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն են նոր: «Մեծ Արեւելքը» ֆրանսիական կազմակերպություն է, որը գործում է ամբողջ աշխարհում, եւ այն գաղափարները, որ մենք բերում ենք, համամարդկային են, վերաբերում են բոլոր նրանց, ովքեր նախընտրում են ազատությունը, հավասարությունը եւ եղբայրությունը ու հավատարիմ են այդ սկզբունքներին: Հայերի հետ հարաբերությունները հենց այս համատեքստում են, փորձում ենք այդ արժեքները քննարկել եւ մեր կարծիքն ասել, թե ինչպես կարող ենք օժանդակել իշխանության ներկայացուցիչներին՝ փոխհարաբերությունների համատեքստում այդ զարգացումն ապահովելու համար»:

Քանի որ Նիկոլա Պենինը կրթության եւ սոցիալական հարցերով մասնագետ է, զրուցեցինք նաեւ Հայաստանում կրթության հանդեպ հայ ծնողների պաշտամունքի եւ տարբեր անկյուններում պատերազմներ ունեցող այս աշխարհում կրթության կարեւորության մասին:

«Կրթությունը հնարավորություն է տղամարդկանց եւ կանանց համար, որ հասկանան իրենց ով լինելը: Ինչքան բարձր է կրթության մակարդակը, այնքան պաշտպանված են հատկապես կանանց եւ աղջիկների իրավունքները: Փաստ է, որ աշխարհի այն երկրները, որոնք հետընթաց են ապրում, հենց այն երկրներն են, որտեղ կրթությունն է հետընթաց ապրում: Ժամանակին Վիկտոր Հյուգոն է ասել՝ ավելի լավ է դպրոցներ բացել եւ բանտերը փակել: Դպրոցը ոչ թե ծախս է, այլ ներդրում»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադարձ եղավ նաեւ կանանց խրախուսմանը «Մեծ Արեւելքի» կողմից: ««Մեծ Արեւելքը» 1773 թվականից ի վեր ի սկզբանե եղել է հիմնականում տղամարդկանց ասոցիացիա, բայց արդեն 15 տարի է՝ կանայք էլ են մեզ միանում: Մեր ամբողջ անդամների, որոնք 55 հազար են կազմում ամբողջ աշխարհում, շուրջ 6000-ը կին է, 1400 օթյակների 58 տոկոսը արդեն իսկ խառն են՝ կանայք եւ տղամարդիկ: Դա նշանակում է, որ այդ 1400-ից 58 տոկոսի պարագայում մեկ կամ ավելի կին անդամ կա: Իրենք ազատորեն ոչ միայն մասնակցում են մեր աշխատանքներին, այլեւ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում»,-նշեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, նորամուծություններ կա՞ն «Մեծ Արեւելքի» գործունեության եւ գաղափարախոսության մեջ արագ փոփոխվող այս աշխարհում: «Մեզ համար կարեւորը ավանդույթն է, ավանդույթը եւ նրա փոխանցումը: Կան արժեքներ, որոնց երբեք չենք դավաճանի եւ չենք փոխի, դա ազատությունը, հավասարությունը եւ եղբայրությունն է, բայց բնականաբար, մենք մասոնական կազմակերպություն ենք, ում համար խոսքի ազատությունը շատ կարեւոր է եւ մենք ժամանակի հետ բազմաթիվ հարցր ենք քննարկում ու պատրաստ ենք ադապտացվել: Օրինակ, կարող ենք քննարկել տնտեսական ճգնաժամերը, կամ արհեստական բանականությունը, առողջապահությունը, կյանքի ավարտի հետ կապված հարցերը, դպրոցները, աղքատությունը, խաղաղությունը …»,-ասաց նա:

«Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության Մեծ վարպետը խոսեց նաեւ ինքնակատարելագործման, ինքնազարգացման մասին. «Մեր մասոնական կազմակերպությունը հիմնաքարեր ունի, որ գործիքների վրա է հիմնված, դրանք խորհրդանիշներ են: Երբ մեզ մոտ որեւէ մեկը գալիս է աշխատելու, գալիս է ամենայն հարգանքով մյուսների աշխատանքի նկատմամբ: Մեր հավաքները, որ մենք աշխատանք ենք կոչում կարող են լինել ինչ-որ խորհրդանիշի հետ կապված՝ գաղափարային, փիլիսոփայական, բայց կարող են լինել շատ ավելի ռեալ, առօրեական: Յուրաքանչյուրը կարող է ազատորեն իր կարծիքը, մոտեցումը, տեսակետը ներկայացնել՝ ամենայն հարգանքով մյուսների կարծիքների նկատմամբ: Սա մեր ավանդույթն է, արժեքները, աշխատելու ոճը; Պետք է աշխատենք միասին եւ ինքներս մեզ վրա՝ կատարելագործվելով»:

Պատասխանատվության առումով հե՞շտ է լինել մեծ վարպետ, եւ ով երբեւէ չի կարող ընտրվել՝ այս հարցի մասին էլ Նիկոլա Պենինը հետեւյալը նշեց. «Մեծ վարպետն ընտրվում է 36 անդամների կողմից, որոնք կազմում են ամբողջ կազմակերպության կառավարող խորհուրդը: Դու պետք է լինես այդ խորհրդի կազմում, որպեսզի կարողանաս ընտրվել, բնականաբար պետք է աշխատանքներին մասնակցած լինես, ամենաքիչը 7 տարի պետք է ասոցիացիայի անդամ լինես, վճարած լինես անդամավճարները, պետք է ունենաս վարպետի աստիճան, որը ամենաբարձրն է համարվում մեր ասոցիացիայում»:

Ասաց նաեւ, որ խորհրդի կազմում այս պահին 3 կին կա; Երիտասարդների մասին էլ խոսեցինք: Մեծ վարպետն ասաց, որ գնալով ավելի շատ երիտասարդներ են իրենց միանումՙ ամենաերիտասարդ անդամները 19-20 տարեկան են, ամենաավագները՝ մոտ 100 տարեկան. «Սա իրականում մեր մասոնական կազմակերպության յուրահատկություններից մեկն է, որ կարող եք այնպիսի մարդկանց հանդիպել, որտեղ այլ պարագաներում եւ կյանքի այլ իրավիճակներում երբեք չեք հանդիպի, ավելի քիչ տեղեր կան, որտեղ կարող եք միաժամանակ տարբեր մարդկանց հանդիպել»:

Ինչ կմաղթի Հայաստանին այս բարդ իրավիճակում եւ ինչ կանխատեսումներ ունի Հայաստանի հետ կապված՝ մեր այս հարցերին ի պատասխան Նիկոլա Պենինը նշեց. «Հայաստանը շատ քաջ երկիր է, այնպիսի մի տարածաշրջանում եւ աշխարհում է գտնվում, որ շատ բարդ է, պետք է իրականում քաջություն ունենաս, որ այս իրավիճակում քո ազատությունը վեր դասես եւ պայքարես դրա համար; Ազատությունը մշտական պայքար է ենթադրում: Եթե դա դիվանագիտական պայքար է, լավ է, երբ դա տնտեսական պայքար է, կրկին լավ է, այն ինչ-որ մենք չենք ուզենա երբեք լինի ազատության համար, դա ռազմական պայքարն է: Ցավոք Հայաստանը բարդ իրավիճակում է, բայց, բարեբախտաբար, Հայաստանը բարեկամներ ունի, որոնց վրա կարող է հույս դնել: Հայաստանը հատկապես վերջին շրջանում գիտակցել է, որ իր բարեկամները կարող են ավելի շատ լինել, քան նախկինում էին, եւ այդ բարեկամները կարող են իրականում իրեն օգնել, չնայած իր բոլոր բարեկամները գիտեն, որ այսօր Հայաստանն առաջնագծում է»:

Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության Մեծ վարպետին հարցրինք՝ Հայաստանի թեմայով ինչ-ինչ քննարկումներ ունենո՞ւմ են իրենց թուրք եղբայրների հետ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները: «Չենք ունեցել կոնկրետ հարաբերություն Հայաստանի եւ Թուրքիայի հետ կապված, բայց եթե նույնիսկ ունեցած էլ լինեինք, չէինք հանրայնացնի: Մեզանից յուրաքանչյուրը կաներ իրենից հասանելիքը, որպեսզի լինեինք այնտեղ, որտեղ պետք է լինենք, որովհետեւ բոլորս՝ տղամարդիկ եւ կանայք ենք, որոնք խաղաղության եւ երկխոսության կողմնակից են»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930