Շրջանառության հարկի շեմի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողներն այսօր բողոքի ցույց արեցին ԱԺ շենքի մոտ։
«Բյուջեն ճիշտ օգտագործելու դեպքում պետք չէր այս ամեն ինչը ՓՄՁ ներկայացուցիչների գլխին ջարդել, խոշոր հարկատուներին արտոնություններ տալ եւ փոքր բիզնեսներին արտոնություններ չտալ»,- լրագրողներին ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր գործունեություն ծավալելով, ժողովրդի շահերից էր փորձել խոսել, բայց երբ դարձավ իշխանություն, իր խոստումները կատարելու փոխարեն` 180 աստիճանով տարբեր գործողություններ արեց։ «Հետեւաբար, ուզում եմ կոչ անել մեր ՓՄՁ ներկայացուցիչներին՝ ասում են, թե պետք չէ այս հարցը քաղաքականացնել։ Սիրելի ժողովուրդ, այն հարցը, որը որոշվում է կառավարության որոշմամբ, դա քաղաքական հարց է։ Հետեւաբար, այս հարցը քաղաքական հարց է, մենք առաջարկում ենք քաղաքականացնել, որ լուծում ստանա։ Ես առաջարկում եմ համախմբել ու պայքարը շարունակել»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՓՄՁ ներկայացուցիչ Արթուր Գեւորգյանն ասաց, որ շուկաներում առեւտուրն անկում է ապրում հարկային բեռի մեծացման պայմաններում։ «Ըստ նոր օրենքի՝ այն ապրանքը, որը փաստաթղթավորված չէ, չունի թուղթ, պետք է գույքագրվի, եւ այդ ապրանքի համար հարկը 10 տոկոս վճարվի։ Մարդիկ ասում են՝ մենք տարակուսանքի մեջ ենք, չգիտենք, թե ինչ անենք, որովհետեւ ամիսը մեկ, շաբաթը մեկ օրենքները փոփոխվում են այս երկրում։ Եվ մարդիկ չեն լրացնում իրենց խանութներում վաճառվող ապրանքները, եւ մեր առեւտուրը նվազում է։ Մեր պահանջն է՝ այս օրենքը կասեցնել, նստել երկխոսության։ Մենք ուզում ենք հարկ վճարել, նենց չէ, որ խուսափում ենք, բայց խելամիտ կերպով։ Մի բան էլ վերջում մեզ պետք է մնա, ոչ թե աշխատենք, միայն հարկերը տանք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Առեւտրականներից մեկն էլ ասաց․ «Մենք ուզում ենք օրինական դաշտում աշխատել, բայց հարկային տեսուչն ասաց՝ հնարավոր չէ, որ դուք օրինական աշխատեք։ Այսինքն՝ մենք ուզում ենք օրինական աշխատել, իրենք մեզ ստիպում են, որ մենք խաբենք։ Ինչ-որ մի ղեկավար չպիտի որոշի՝ ես ուզում եմ խոշորանալ, թե՞ ոչ։ Նման օրենք գոյություն չունի, ամբողջ աշխարհն աջակցում է մանր ու միջին բիզնեսին, որպեսզի ծաղկի, որովհետեւ մանր ու միջին բիզնեսն աղքատության շեմը կրճատում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ցույցի մասնակիցներն ասացին, որ եթե իրենց հարցին լուծում չտրվի, ճանապարհներ են փակելու, գործադուլներ են անելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Բողոքի ցույցին զուգահեռ` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ չընդունելու մասին առաջարկությունների հիմնավորվածության վերաբերյալ պատասխանի նախագիծը։ Քվեարկությամբ որոշվեց կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկության ընդունումը համարել ոչ նպատակահարմար:
Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց, որ 2350 ստորագրություն կա, այսինքն՝ մարդիկ բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով էլ են ներկայացնում իրենց բողոքը, միայն ցույցեր չեն անում։
«Եվ ոսկու շուկայի, եւ տարբեր ապրանքային խմբերով զբաղվողների խնդիրներն էինք ներկայացնում, որոնք պրակտիկ դաշտում այդ գրված օրենքով հնարավոր չէ լուծել։ Այսինքն՝ եթե մենք մեր գերփոքր բիզնեսին մենակ ենք թողնում խնդիրների հետ, մեծ ցանկության դեպքում անգամ ինքը չի կարող գործունեություն իրականացնել։ Գումարած դրան` տուգանքներն են շատացել, տուգանքները, որոնք նախկինում չկային, հիմա կան։ Նույնիսկ 10 տոկոս շրջհարկի վճարման դեպքում, եթե հարկայինը մտնի, ամեն ապրանքի համար ինքը պահանջելու է քանակագումարային հաշվառում, որն ավելի բարդ հաշվառում է, քան ընդհանուր հարկման դաշտում գործողների համար։ Մեկ տարի անց այս նույն օրենքով գալու են ու տուգանեն իրենց»,- ասաց Հակոբ Ավագյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը ներկայացնող երեք պատգամավորները չեն մասնակցել հանձնաժողովի այսօրվա նիստին, եթե նրանք ներկա լինեին, հնարավոր է՝ իրենց հանրագիրը հաստատվեր։ «Այսինքն՝ մենք նաեւ քաղաքական աջակցության խնդիր ունենք։ Սա քաղաքական ամբիոն էր, մենք եւս մեկ անգամ զգուշացրեցինք, որ թեեւ 50 հազարից ավելի գերփոքր բիզնեսի մասին է խոսքը, բայց սա միայն գերփոքր բիզնեսի խնդիրը չէ, սա ուղիղ ազդելու է ցանկացած ՀՀ քաղաքացու վրա։ Սա բերելու է եւ ապրանքների, եւ ծառայությունների գների ավելացման, արդյոք մենք պատրա՞ստ ենք սրան»,- ասաց նա։
Հակոբ Ավագյանը նշեց, որ իրենք կշարունակեն պայքարը, օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները կօգտագործեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ