Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը
ՆՈՐ-ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(բացառապես քրեաիրավական մեկնաբանություն)
Այսօրվա միջադեպի առնչությամբ շատ իրարամերժ տեղեկություններ և մեկնաբանություններ են շրջանառվում:
Չիմանալով (և դա քրեական վարույթ նախաձեռնելու համար կարևոր չէ), թե ինչ է տեղի ունեցել մինչ շրջանառված տեսանյութը, և ինչ իրավական գնահատական և ում նկատմամբ կտրվի մինչտեսանյութային արարքների համար, տեսանյութի դիտումից ՀԱՍՏԱՏԱՊԵՍ պարզ է դառնում հետևյալը:
Կարդացեք նաև
Տեսաձայնագրությամբ ֆիքսվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունը, այն է՝ ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր քաղաքական կամ հասարակական գործունեության հետ, մի խումբ անձանց կողմից (պատժվում է հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):
Հանցագործության օբյեկտն են տուժողի ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանող հասարակական հարաբերությունները:
Հանցագործության օբյեկտիվ կողմը հարվածներ հասցնելն է մի խումբ անձանց կողմից՝ առանց նախնական համաձայնության՝ սկսված, սակայն չավարտված հանցագործության ընթացքում համակատարման ձևով:
Սուբյեկտիվ կողմն ուղղակի դիտավորությունն է՝ հանկարծակի առաջացած դիտավորությամբ:
Սուբյեկտները լուսանկարներում պատկերված անձինք են:
Համակատարողների արարքները գնահատելիս պետք է ուշադրություն դարձվի նրանցից յուրաքանչյուրի կողմից հասցված հարվածների քանակին:
Դատաբժշկական փորձաքննությունն ըստ տեսանելի վնասվածքների լինելու է՝ առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող:
Այն ներկաները, որոնք փորձում էին կանխել բռնությունը, որևէ պատասխանատվության ենթակա չեն, եթե նկարահանումից հետո այլ արարքներ չեն կատարել: