«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանը երկիր է, որտեղ սահմանադրությունից ու ամբողջ օրենսդրական բազայից վեր դիտվում է սեռական բնույթի ՀԱՅՀՈՅԱՆՔը։ Մարդը կարող է իր քաղաքական իդեալները ոտնատակ տալ, եղած դեմքն էլ կորցնել, եթե իր նկատմամբ հայհոյանք լսի։ «Պետական պաշտոնյա» ու ակտիվիստ, լրագրող ու արվեստագետ խորապես թքած են ունենում իրենց առաքինությունների ու առաքելությունների վրա, եթե հարցը հայհոյանքի է հասնում։
Երբ մեզ մեր իրավունքների պաշտպանության համար բերման էին ենթարկում, ոստիկանական մեքենայում կամ բաժնում ոստիկաններին հանդիմանում էինք դրա համար, ասում էին․ «Դիմի՛ր դատարան»։ Այսինքն, էն, որ ինքը օրենքով հնարավորություն ու պարտավորություն ունի ակնհայտորեն ապօրինի հրամանները չկատարել՝ հեչ․ թող իմ ձերբակալման հարցի իրավաչափությունը դատարանը որոշի՝ ամենաանկեղծ համոզմունքով, որ դա է հարցերը լուծելու ճիշտ ձևը։
Մի անգամ ծանոթ ոստիկանի (կարմիր բերետի) հանդիմանեցի, թե ինչու է ուժ կիրառել խաղաղ հավաքի մի մասնակցի նկատմամբ, ասաց․ «Քֆուր տվեց»։ Զարմացա։ Ասում եմ՝ բա դիմի դատարան։ Հերսոտած դեմքով մի կես րոպե նայեց ինձ ու ատամների արանքից ֆշշացրեց․ «Իմ արև, դու չլինեիր ասողը, մի հատ կկպցնեի (կխփեի, էլի)»։ Այսինքն՝ մարդու ազատությունների ու քաղաքացու ազատությունների իրենց սահմանափակումներով հարյուրավոր տարիների մեջ առաջին անգամ ունեցած-չունեցած պետության հիմքերը խարխլելը նենց թեթև զանցանք է, որի համար կարելի է տարիներով անհույս դատարանի վճռի սպասել, բայց ա՛յ հայհոյաաաանք…
Կարդացեք նաև
Հաջորդ, բոլորին հայտնի դեպքը, երբ «Սրբազան շարժման» ժամանակ մի փոխադարձաբար շրջանառվող հայհոյանքի պատճառով ՀՀ ԱԺ պատգամավորն ու կարմիրբերետավորների «համայնքը» տեսախցիկների առաջ իրար սխկում էին, որի համար ՈՐԵՎԷ պատասխանատվություն վրա չհասավ։ Հայհոյանքի պատճառով պատգամավորը մոռացավ, որ ծառայության ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնության պատճառով կարող էր հայտնվել մի վիճակում, երբ այլևս անհնար է ԱԺ-ից պայքարել իր երազած Հայաստանի համար, երբ տարիներով զրկվելու էր իր ընտանիքի ներկայությունը վայելելու հնարավորությունից, լավագույն մի քանի տարիները բանտում էր անցկացնելու։ Ոստիկաններն էլ իրենց հերթին մոռացան պատգամավորական անձեռնմխելիության և օրենքով իրենց վերապահված առաքելության մասին։ Որովհետև…«քֆուր»։
Սա աներևակայելի բան է։ Վարդան Ղուկասյանը (Դոգը) սա շահարկելով մի ամբողջ պետական համակարգ էր մատների վրա խաղացնում։ Մարդիկ թողնում, տարբեր պետական համակարգերից դուրս էին գալիս ու ընտանիքն առանց գոյատևման միջոցների թողնում, գնում էին պետական ու ծառայողական շահի դավաճանության, ինչ է թե Դոգը «իրենց տուն չմտներ» (ամենավերջին հայհոյանքները չտար)։
Ոմանք սա կարող են շփոթել այսպես կոչված «թասիբի» հետ։ Ըստ իս, թասիբն էն է, որ պետություն ունենանք, որ մեր սերունդները որոշելու իրավունք ունենան ու ապահով լինեն, ոչ թե սեռաքաղց ու մտքում միայն սեռական հարաբերությունների երևութական պատկերներ ունեցող պետական համակարգ, ոստիկանություն, բանակ, ընդդիմություն, ակտիվիզմ, լրագրողական համայնք, այսինքն՝ հանրություն։
Սկզբում գրեցի «Հայաստանը երկիր է, որտեղ…», ոչ թե «Հայաստանը պետություն է, որտեղ…», որովհետև սենց պետություն ունենալը իննամսական հղի է հաջորդ պահին այն չունենալու վտանգով։ Մի տեղ սխալ հայհոյանք հնչի, կարող է սա էլ կորցնենք։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ խորքային թրիքների մեջ ենք անկախ նրանից, թե երկիրը ով կկառավարի էդ պահին։ Սենց պարագայում պետություն ունենալը մեծ ճոխություն է։