Օրերս «Արդեան» արվեստի կենտրոնի լեփ-լեցուն սրահում «Երիտասարդ հայ կին կոմպոզիտորներ» համերգի շրջանակում տեղի ունեցավ կոմպոզիտոր և կինոռեժիսոր, միջազգային ավելի քան երեք տասնյակ մրցանակների դափնեկիր Մաննեի «Ave Verum Corpus. Դաշնամուրի և ձայնի համար» երկի պրեմիերան։
ԱՄՆ-ում, Եվրոպայի տարբեր երկրներում հաճախ է կատարվում այս արվեստագետի կամերային և սիմֆոնիկ երաժշտությունը, որին անդրադարձել են համաշխարհային պարբերականներ Operawire-ը, Broadwayworld-ը։
Մաննեն ասաց «Առավոտին». «Այս ստեղծագործությունը՝ Ave Verum Corpus-ը գրելիս բավականին մեծ էներգիա եմ ներդրել պարզ պատճառով` տեքստը աղոթք է։ Հանդիսատեսի ջերմ ընդունելությունից հասկացա, որ նա մեծ սեր ունի բարոկկո և դասական շրջանների երաժշտության հանդեպ, այնպես ինչպես ինքս»։
Կարդացեք նաև
Ստեղծագործությունը հնչեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, սոպրանո Լիլյա Հովհաննիսյանի և դաշնակահար Դերեն Բրաթյանի մեկնաբանմամբ։
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը երիտասարդ երաժիշտների հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գեղունի Չթչյանի հեղինակային երեկոյի ընթացքում ես առաջին նոտաներից զարմանք ապրեցի իմ ընկերների մեկնաբանած դուետից… Կարճ ասած, անչափ տպավորված էի: Իսկ որոշ ժամանակ անց հիշեցի իմ այս ստեղծագործության մասին, ինչին շուրջ մեկ տարի կենդանություն չէի տվել, առաջարկեցի ընկերներիս իրականացնել այն, ինչի համար շատ ուրախ եմ: Ստացվեց այնպես, ինչպես ես էի պատկերացնում»։
Տեղեկացնենք, որ Լիլյա Հովհաննիսյանը միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որի ձայնը ունի յուրահատուկ և անշփոթելի գույն։ Ի դեպ, նա հաճախ է հանդես գալիս հոգևոր երաժշտության կատարումներով։ Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ այդ երաժշտությունն իրեն գրավում է մեղմությամբ, մաքրությամբ, հանգստությամբ, որ ինքը խաղաղվում է, կարծես Աստծուն ավելի մոտ է զգում իրեն։
«Մաննեի այս հոգևոր գործի մեջ ինձ գրավեց անսահման քնքշությունը, նրբությունը և, իհարկե, իմաստը։ Բացի վոկալ պարտիայից՝ շատ-շատ եմ հավանել դաշնամուրի մասը նույնպես։ Կան հատվածներ էլ, որոնք ինձ պարզապես ստիպում են էլ առավել զգացմունքային լինել, խորասուզվել երաժշտության մեջ»։
Դաշնակահար Դերեն Բրաթյանը Հայաստան է եկել Իրանից՝ բարձրագույն երաժշտական կրթությունը հայրենիքում ստանալու նպատակով։ Նա ևս բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, Թեհրանի երաժշտական ակադեմիայի գլխավոր մրցանակակիր։ Երաժշտի երկացանկը բազմազան է՝ դասականից մինչև ջազ, հոգևորից մինչև ժողովրդական։ Դերենը նաև ստեղծագործում է, և վերջերս, Հանրային ռադիոյի տիրույթում հանդես եկավ իր ալբոմի՝ Lux Aeterna -ի պրեմիերայով։
Մեզ հատկապես գրավեց ալբոմում տեղ գտած մենանվագների ընտրությունն ու մեկնաբանությունը հանրահայտ ու սիրված այնպիսի մեղեդիների, ինչպիսիք են «Ով սիրուն, սիրուն», «Գարուն ա», «Զեփյուռի նման», «Մարտիկի երգը» և այլն։ Ալբոմի առիթով հետաքրքրությանն ի պատասխան Դերենն ասաց. «Ալբոմում տեղ են գտել հայկական մեզ հայտնի մեղեդիների, Կոմիտաս Վարդապետի որոշ գործերի իմ մշակումները, որոնք ընտրել եմ ելնելով դրանց՝ ինձ մոտ լինելու կարևոր նշանակությունից։ Ես մեծացել եմ հայրենասեր ընտանիքում, մշտապես երազել Հայաստան վերադառնալու մասին և իմ սերը, կարելի է ասել, արտահայտել եմ այս ալբոմով։ Այստեղ նաև տեղ է գտել հեղինակային ստեղծագործությունս՝ Crazy March-ը, որը ուղիղ կապ ունի ներաշխարհիս ու բնավորությանս հետ: Մաննեի Ave Verum Corpus-ը կատարելիս ևս, փորձեցի լիարժեք ընկղմվել նրա ասելիքի և զգայական շղթայի մեջ»։
Վերադառնալով Մաննեի ստեղծագործության պրեմիերային, նշենք, որ հեղինակը հավաստիացրեց, թե այս դուետի կատարումն իրականացրել են առանց կոմերցիոն նպատակների և պատրաստվում են այն ներկայացնել միջազգային մրցույթների ու պարզապես կիսվել ունկնդրի հետ։
Նշենք, որ զրույցի ընթացքում կոմպոզիտորը քանիցս բարձրաձայնեց, թե բարձր է գնահատում Լիլյայի ու Դերենի ներդրումն իր ստեղծագործության կատարման, իրականացման գործում, քանի որ ամեն ոք չէ, որ նման անմնացորդ նվիրում ունի երաժշտության հանդեպ։ Հավաստիացրեց, թե հաճախ է ունկնդրում նրանց` երիտասարդների կատարումները ու մշտապես հիանում թե որպես հանդիսատես, և թե որպես երաժիշտ։ Նաև լիահույս է, որ կկարողանան ունկնդրի հետ հաճախ կիսվել դասական երաժշտությամբ, այդ թվում՝ իրենց ստեղծագործություններով։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ