Լրահոս
Օրվա լրահոսը

Հակապատերազմական եւ խաղաղության կոչ՝ ֆիլմով

Օգոստոս 26,2020 12:30

Մաննեի «Ճայը» վավերագրական-էքսպերիմենտալ ֆիլմը «ԵվրազիաԴոկ»  միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում է:

Երիտասարդ ռեժիսոր Մաննեի (Մանե Բաղդասարյան) «Ճայը» վավերագրական-էքսպերիմենտալ ֆիլմը կցուցադրվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ «ԵվրազիաԴոկ»  միջազգային կինոփառատոնի  մրցութային ծրագրում:

«Ես եւ ֆիլմի պրոդյուսերը հրավիրված ենք Մինսկ՝ մասնակցելու կինոփառատոնին: Ֆիլմի պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանը, շատ կարեւորում է այն փաստը, որ ֆիլմը այսօր չափազանց արդիական թեմա ունի եւ ճիշտ ժամանակն է այն ցուցադրելու:  «Ճայը» այսօրվա հետ առնչվում է իր թեմայով եւ բովանդակությամբ՝ այն  կոչ է խաղաղության եւ մարդկությանը պատերազմներից եւ ատոմային ռումբի կիրառումից զերծ պահելու»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց Մաննեն:

«Նախորդ տարի կինոփառատոնում մեր «Ադապտացիան» ստացավ մրցանակ եւ շատ ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից, որի շարքերում ներկա էին  Մինսկի հայ համայնքի ներկայացուցիչներ: Մեզ համար շատ հաճելի էր  զգալ նրանց աջակցությունը: Ինչ վերաբերում է «ԵվրազիաԴոկ» փառատոնին, այն պատերազմական թեմաների վրա է դնում շեշտը: Մեզ համար կարեւոր է այս փառատոնին մասնակցությունը, քանի որ հակապատերազմական կոչը այսպես առավել ցայտուն է տեղ հասնում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նրանից տեղեկացանք, որ նոր ֆիլմի վրա են աշխատում: «Այն կլինի ապրելու եւ  կյանքի ամեն պահը զգալու մասին: Չափազանց դժվար է ձեւակերպել իմպրեսիոնիստական ժանրի ֆիլմի մասին ասելիքը, որը դեռեւս մեծ աշխատանք ունի իր առաջ:

Ֆիլմը բժշկական թեմայով է՝ անվերջ վիրահատություններ, հիվանդություններ, որոնցից այսօրվա մարդն ապահովագրված չէ: Որքան դաժան, այնքան էլ հետաքրքիր է այս իրականությունը, լի՝ սպասումներով, վախերով, հաղթանակով կամ հիասթափություններով: Իսկ վիրահատարանից այն կողմ բոլորովին այլ աշխարհ է՝ անչափ ֆիլմային: Եթե ապագայում կորոնավիրուսի տարածումը չխոչընդոտի ցուցադրություններին, ապա մենք ավելի հաճախ կցուցադրենք մեր ֆիլմերը: Նախատեսել ենք նաեւ հեռուստատեսային ցուցադրություններ»,-ասաց Մաննեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Երբ նյութը պատրաստ էր տպագրության, Մաննեն հայտնեց նաեւ, որ «Ճայն» ընտրվել է կարճ ցանկում Յ. Գագարինի անվան Սարատովի կինոփառատոնի ծրագրում եւ սեպտեմբերի վերջին կցուցադրվի Սարատովում:

«Առավոտ» օրաթերթ
25.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31