Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականությունն է բարոյականության ամենամեծ ուսուցիչը, առանց որի պետական ու քաղաքակրթական ոչ մի զարգացում տեղի ունենալ չի կարող. Կամո Աթայան

Ապրիլ 30,2025 18:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Հայոց լեզու և հայ գրականություն զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողովը

Սույն թվականի ապրիլի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողովը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը։ «Աշխարհի բոլոր գիտությունները հայոց լեզվով են դառնում հայաշունչ և հայահունչ։ Մեր լեզուն հետաքրքիր ու հարուստ է։ Բայց կյանքը, հասարակական զարգացումները նրա առաջ ևս դնում են խնդիրներ՝ ի մասնավորի հնարավորինս հղկել, զարգացնել հայերենով ուսուցման լեզուն ու գտնել բարդ գիտությունը յուրաքանչյուր անհատի հնարավորություններին ու ընդունակություններին համապատասխան ձևով, այսինքն՝ հանրամատչելի ներկայացնելու ուղիներ։  Լեզուն ոչ միայն մտածողության միջոց է, այլ, նախ և առաջ, ազգային մտածողության ձևավորման միջոց, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչ, ազգային, հայրենասիրական նկարագիր կերտելու գործիք, որը պետք է դրված լինի պետական չափորոշչի հիմքում և ՀՀ հանրակրթական դպրոցում ուսուցանվի այդ ելակետով ու հիմունքով։

Հայ գրականություն առարկան իր կարևոր դերն ու առաքելությունն ունի։ Գրականությունն է, որ սովորեցնում է զգալ, հուզվել, ապրումակցել, ծանոթանալ մարդկային ու ազգային արժեքներին, սովորել դարերից եկած փորձը։ Գրականությունն է բարոյականության ամենամեծ ուսուցիչը, առանց որի պետական ու քաղաքակրթական ոչ մի զարգացում տեղի ունենալ չի կարող», – ասաց Կամո Աթայանը։

«Դուք պատիվ ունեք և մեծ պատասխանատվություն դասավանդելու հայոց լեզու և հայ գրականություն, ինչը չափազանց ազգանվեր աշխատանք է և հայ ինքնությունը պայմանավորող գլխավոր գործոն։ Որպեսզի կարողանաք բարձր որակով մատուցել թե՛ հայոց լեզուն, թե՛ հայ գրականությունը երիտասարդ սերնդին, աշակերտությանը և ոչ միայն, պիտի տիրապետեք գիտության վերջին նվաճումների, և այս առումով կապը ակադեմիայի հետ չափազանց կարևոր է։ Խոսքը միայն հանամատչելացման հարցին չի վերաբերում։ Դուք պիտի իմանաք, թե ինչ է կատարվում բանասիրության ոլորտում, ինչ նվաճումներ կան, ինչ հիմնախնդիրներ, որոնք պիտի դեռևս լուծվեն»,- գիտաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում իրականացվող աշխատանքները։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ  ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի որակի ապահովման բաժնի պետ, «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի պատասխանատու քարտուղար Նարինե Վարդանյանը։ «Արդեն 2-րդ տարին է, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը գիտության հանրայնացման այս նախաձեռնության համակազմակերպիչն է մեծ սիրով և մեծ պատվով, որովհետև, լինելով մագիստրոսական և ասպիրանտական կրթության կազմակերպիչներից մեկը Հայաստանի Հանրապետությունում, մենք մեծապես կարևորում ենք գիտության հանրայնացման դերը մեր հասարակության մեջ։ Շատ կուզենանք, որ դպրոցներում «Գիտության աշխարհում« հանդեսը կարողանա տարածում գտնել նաև ձեր միջոցով, և ինչու չէ, նաև մեծ ակնկալիք ունենք ձեզ տեսնելու «Գիտության աշխարհում» հանդեսի ապագա հեղինակների կազմում»,- ասաց Նարինե Վարդանյանը։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 16 զեկուցում։ Քննարկվեցին գրականագիտության, լեզվաբանության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները, հայագիտական առարկաների դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները, ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթական համակարգում, գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության դերն արդիականացվող կրթական համակարգում, օլիմպիադաների անցկացումը։ Որոշվեց ձևավորել առաջարկությունների փաթեթ գրականագիտության, լեզվաբանության հանրամատչելիացման և հանրայնացման վերաբերյալ։

Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930