«Մեդիա ոլորտի զարգացման մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ արձագանքելով ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի՝ նախկինի հետ համեմատելու փորձերին և այն հիմնավորմանը, թե ինքը գնահատական տալու այլ մեթոդ, քան համեմատությունն է՝ չգիտի, արձակագիր, լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց․
«Համեմատես, բայց ոչ արդարացնես։ Եթե նախկինները սենց են արել, ուրեմն Ալեն Սիմոնյանն իրավունք ունի՞ թքել մեկի վրա, ո՞նց եք դա արդարացնում։ Ոչ մի տրամաբանություն չկա»։
Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց․ «Ես ուրախ կլինեմ Ձեզ տեսնել միշտ տրամաբանական խոսելիս։ Բայց ուրախ կլինեմ նաև, որ հարգեք Ձեր գործընկերներին, երբ հերթագրվելու իրավունք կա»։
Մեսրոպ Հարությունյանը վրդովվեց․ «Ոչինչ, ես երբեմն նաև պոռթկում եմ։ Բոլորն ինձ գիտեն»։ Սիսակ Գաբրիելյանը հեգնեց․ «Ես ուրախ եմ Ձեզ համար, որ երբեմն եք պոռթկում, քանի որ երբ պոռթկում եք, լավ չի ստացվում»։
Կարդացեք նաև
Մեսրոպ Հարությունյանն ի պատասխան ասաց․ «Ես մի կերպ դիմացա՝ չնայած զարմանում եմ՝ ի՞նչ կարելի է բացատրել մի մարդու, որը նախկին լրագրող է, բայց տարբերություն չի տեսնում հեռարձակմամբ լուսաբանման և տեղում լուսաբանման միջև։ Եթե որպես նախկին լրագրող այդ երկուսի միջև տարբերություն չեք տեսնում, ուրեմն Դուք բացարձակ չեք հասկանում՝ ոչ ժուռնալիստիկայից, ոչ մնացած բաներից»։
Նշենք, որ երբ Սիսակ Գաբրիելյանն ասում էր, որ նախկինում միջոցառումների էին հրավիրում յուրային լրատվամիջոցների, լրագրողները հիշեցրին, որ վերջերս Արդարադատության ֆորումին միայն երեք լրատվամիջոցի էին հրավիրել՝ ընտրովի, իսկ նա ի պատասխան նշել էր՝ գոնե ուղիղ հեռարձակում կար։ Լրագրողների դիտարկմանը՝ հեռարձակումը չի նշանակում լուսաբանում, լուսաբանում նշանակում է լրագրողի՝ ներկա լինելու հնարավորություն, հարցեր տալու հնարավորություն, տեղում դիտարկումներ անելու հնարավորություն, Սիսակ Գաբրիելյանն արձագանքել էր․ «Ո՞ւմ տալու հարցեր»։
Վիճաբանության ընթացքում Սիսակ Գաբրիելյանը, դիմելով Մեսրոպ Հարությունյանին, ասաց․ «Ես Ձեր հանդեպ իմ ողջ կյանքում այդպես չեմ եղել, Ձեզ հարգելով՝ ինձ մի քիչ կխնայեմ և շատ բաներ չեմ ասի։ Ես երբևէ չեմ արդարացրել։ Ես ընդամենը հարց եմ բարձրացրել՝ գոնե ուղիղ տեսակապ կար, եթե միջոցառում է, որտեղ հարց տալու հնարավորություն չունես։ Ես հիմա էլ եմ ասում՝ ի՞նչ խնդիր կա»։ Մեսրոպ Հարությունյանն ասաց՝ «լիքը խնդիր»։
Սիսակ Գաբրիելյանը նշեց․ «Հարգելի′ Մեսրոպ, նորից եմ ասում՝ Դուք այս ընթացքում ասացիք էնքան բաներ, որ այդպես չէ։ Էս եթերը լսողը իմ մասին չի կարծիք կազմելու, այլ Ձեր մասին, որ Դուք ասում եք բաներ, որ այդպես չէ, այդ թվում, որ ես դաս եմ տալիս, կամ ես ինչ եմ անում։ Ես չեմ ասել, որ դա լավ է կամ վատ է։ Կարծում եմ՝ Դուք սխալ ճանապարհի վրա եք, եթե կարծում եք՝ վատ լրագրող է նա, ով փորձում է հարցեր տալ։ Առաջնային մեր գործը ոչ թե ինչ-որ բաներ սադրելու մեջ է, այլ առաջին գործառույթն է, որ հարցեր տանք։ Ես չարությամբ տրամադրված չեմ։ Պետք չէ պոռթկալ։ Առավել ևս, Ձեր վարքից հետո այդպես չեմ լինելու»։
Լուսանկարը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ