Ապրիլի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի մարդու իրավունքների հանձնաժողովի նշանակալի լսումների ժամանակ, որը նախագահում էր Կոնգրեսական Քրիս Սմիթը, փրկվածները և իրավապաշտպանները կոչ արեցին ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Արցախի հայերի դեմ իրականացված ցեղասպանության և հայ պատանդների շարունակվող ապօրինի պահման համար։
Արտակ Բեգլարյանը՝ Արցախի Միության նախագահը և Արցախի նախկին պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես եկավ ազդեցիկ հայտարարությամբ՝ որպես և՛ ցեղասպանությունից փրկված անձ, և՛ մարդու իրավունքների պաշտպան։
«Երեք տարուց էլ կարճ ժամանակահատվածում Արցախի (որը նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ) բնիկ քրիստոնյա հայ բնակչությունը՝ ավելի քան 150,000 մարդ, բռնի տեղահանվել է համակարգված ցեղասպանության արշավի միջոցով», – նշեց նա: «Սա հանկարծակի ողբերգություն չէր: Դա Ադրբեջանի կողմից կանխամտածված, համակարգված գործողություն էր»:
Բեգլարյանը նկարագրեց սովի միջոցով շրջափակումը, ռազմական հարձակումը և ավելի քան 6000 մշակութային ու կրոնական օբյեկտների հնարավոր ոչնչացումը։ Նա նշել է, որ ավելի քան 200 հայեր դեռևս անհետ կորած են համարվում, և առնվազն 23-ը բանտարկված են Ադրբեջանում՝ կեղծ դատավարությունների միջոցով։ Նա դատապարտեց Ադրբեջանի կառավարության՝ ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության համաժողովն՝ COP 29-ը, օգտագործելու փորձը՝ «զանգվածային ոճրագործությունները կանաչ լվացման» համար և նախազգուշացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվող սպառնալիքների մասին։
Կարդացեք նաև
Բեգլարյանը կոչ արեց ԱՄՆ Կոնգրեսին ընդունել հետևյալ յոթ կետից բաղկացած ծրագիր՝
- Պաշտոնապես ճանաչել Արցախի հայերի դեմ կատարված ցեղասպանությունը որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:
- Աջակցել զանգվածային ոճրագործությունների վերաբերյալ միջազգային և ազգային մակարդակով հետաքննություններին և դատական գործընթացներին։
- Կիրառել նպատակային պատժամիջոցներ՝ ներառյալ մուտքի արգելքներ և ակտիվների սառեցում՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների և մշակութային ավերածությունների համար։
- Կասեցնել Ադրբեջանին ուղղված ԱՄՆ-ի ամբողջ ռազմական օգնությունը:
- ԱՄՆ-ի ցանկացած օգնություն պայմանավորել չափելի մարդու իրավունքների բարելավումներով, ներառյալ հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը:
- Աջակցել միջազգային դիտորդական առաքելության ստեղծմանը՝ մշակութային ժառանգության ոչնչացման փաստաթղթման և տեղահանվածների անվտանգ և արժանապատիվ վերադարձի պայմանների գնահատման համար։
- Բարձրացնել դիվանագիտական ճնշումը, որպեսզի Ադրբեջանը կատարի Միջազգային Արդարադատության Դատարանի որոշումները, այդ թվում՝ հումանիտար հասանելիության ապահովումը և վերադարձի իրավունքի երաշխավորումը միջազգային ամուր պաշտպանության ներքո։
Բեգլարյանն ընդգծեց․ «Աշխարհի որևէ վայրում տեղի ունեցող անարդարությունը սպառնալիք է համընդհանուր արդարությանը։», — մեջբերելով Մարտին Լյութեր Քինգ Կրտսերին։ «Եթե նման հանցագործություններն անպատիժ մնան, դա քաջալերելու է յուրաքանչյուր բռնապետության, որը ձգտում է ուժի միջոցով ջնջել ժողովուրդներին և մշակույթները»:
Նա շարունակեց․ «Միջազգային ճնշման առանցքային ուղղություններից մեկը պետք է լինի Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունն ու համակարգը, որը ծառայում է որպես գաղափարախոսական հիմք և՛ զանգվածային վայրագությունների, և՛ Ալիևի բռնապետական իշխանության համար: Յուրաքանչյուր ոք, ով իսկապես ձգտում է տարածաշրջանում հաստատել տևական խաղաղություն և Ադրբեջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների առաջխաղացմանը,պետք է պայքարի այդ ատելության գաղափարախոսության դեմ: Արդարությունն անհրաժեշտ է ոչ միայն իմ ժողովրդի իրավունքների վերականգնման, այլև Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղություն կառուցելու համար»։
Կոնգրեսական Քրիս Սմիթը դատապարտեց Ադրբեջանի գործողությունները, հայտարարեց Ադրբեջանի ժողովրդավարության մասին օրենքի վերաներկայացման մասին և կոչ արեց երկկուսակցական աջակցություն պատժամիջոցների և անհապաղ դիվանագիտական գործողությունների համար՝ ազատ արձակելու հայ պատանդներին: «Մենք պետք է այս հարցը բարձրացնենք ամենաբարձր մակարդակի վրա », – ասաց Սմիթը: «Ալիևը բռնապետ է, և մենք ամեն ինչ կանենք այս օրինագիծն ընդունելու համար»:
Փաստաբան Ջարեդ Գենսերը, ով ներկայացնում է պատանդ Ռուբեն Վարդանյանին, ընդգծեց, որ բազմաթիվ հայեր՝ ներառյալ քաղաքական և ռազմական առաջնորդներ, շարունակում են ապօրինի բանտարկված մնալ։ «Բռնապետները երբեք չեն ազատում բանտարկյալներին, որովհետև նրանց խնդրում են, այլ միայն երբ հարկադրված են», — ասաց նա։
Միրիամ Լանսկոյը (Ազգային ժողովրդավարության հիմնադրամ) և Անդրեա Պրասոուն (Freedom Now) ընդգծեցին COP 29-ից հետո Ադրբեջանի ուժեղացած հարձակումը քաղաքացիական հասարակության վրա, ներառյալ աճող ձերբակալությունները, գրաքննությունը և ճնշումները, բոլորը՝ մինչ վարչակարգը ներկայացնում է ապակողմնորոշող պատկեր միջազգային ասպարեզում:
Ամբողջական լսումը
Բեգլարյանի ամբողջական վկայությունը՝ այստեղ
Բոլոր վկաների ամբողջական գրավոր վկայությունը հասանելի կլինի առաջիկա օրերին Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի կայքում:
Լուսանկարի հեղինակ՝ Գաբրիել Հարթունյան