Որ ասում ենք Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը սիամական զույգեր են՝ չեք հավատում։ Քոչարյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը «հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից», դրանից ընդամենը հինգ օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Խնածախի բնակելի տների գնդակոծությունը Ադրբեջանի պատասխանն էր Երևանի կենտրոնում այդ երկրի դրոշն այրելու սադրանքին։ Ուշադրություն դարձրեք՝ ոչ միայն բառապաշարն է նույնը, այլև այն, որ երկու դեպքում էլ Ադրբեջանի գործողությունները փաստացի արդարացվում են։ Ավելին՝ երկու դեպքում էլ «սիամական զույգերը» թշնամի երկրի օգտին հայտարարություններ են անում հանուն սեփական ներքաղաքական շահերի։ Քոչարյանը սեփական ժողովրդին «պատերազմի հրձիգ» է որակում ՔՊ-ական իշխանություններին հարվածելու համար, Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է ցույց տալ, թե իբր իր խոստացած «խաղաղության դարաշրջանը» ձախողվել է ոչ թե սեփական տխմար քաղաքականության պատճառով, այլ որովհետև Հայաստանում Ադրբեջանի դրոշ են այրել, այ եթե չայրեին՝ խաղաղությունը վաղուց հաստատված կլիներ։
Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը նման են նաև այն առումով, որ երկուսն էլ ղարաբաղյան խնդրի կարգավորումն ընկալել են զուտ սեփական քաղաքական շահերի տեսանկյունից։ Համաձայնվեք՝ մեծ տարբերություն չկա Քոչարյանի «մենք Ղարաբաղի հարցը վաղուց լուծել ենք» և Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունների միջև։ Ընդ որում՝ Քոչարյանը դա ասում էր, որովհետև ցանկացած կարգավորում ենթադրում էր փոխզիջումներ, այսինքն՝ իր «վոյինական» վարկանիշի անկում, հետևաբար՝ նախընտրելի էր ձևացնելը, թե իբր ոչ մի հարց էլ չկա, իսկ Փաշինյանը հույս ուներ կրկնել Քոչարյանի արածը՝ «բանակցությունները սկսել սեփական կետից» և այդպիսով ևս տասը տարի ձգել՝ ճիշտ և ճիշտ իր «սիամական զույգի» պես։ Ավելին․ պատերազմը սկսվելուն պես Փաշինյանը հայտարարեց, թե «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարելու» (այսինքն՝ կարևորը ոչ թե պատերազմի արդյունքն է, այլ դրա գնահատականը), հետո էլ հայտարարեց, թե «եթե ընդունեի կարգավորման ծրագիրը՝ ինձ դավաճան կանվանեին» (այսինքն՝ կարևորը ոչ թե արդյունքն էր, այլ իր վարկանիշը)։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում