Մեղավորի կեցվածքով ու արդարանալու ակնկալիքով էր Փաշինյանն Էստոնիա մեկնել: Մայիսի 9-ին սպասվող մոսկովյան այցին ընդառաջ Եվրոպային պետք էր ցույց տալ, որ «գծից շեղում չկա»:
«Փաշինյանը փորձում է չեզոքացնել այն նեգատիվ ազդեցությունը, որը կարող է պայմանավորված լինել նրա՝ Մոսկվա այցելությամբ: Ես կարծում եմ, որ նա առհասարակ չէր ցանկանում այնտեղ երեւալ, բայց իրավիճակն այնպիսին է, որ Հաղթանակի զորահանդեսին չմասնակցելով, հայկական կողմը, ըստ էության, ամբողջությամբ կխզեր հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի հետ, այլեւ՝ այլ երկրների: Կարծում եմ՝ այդ կոնֆրոնտացիային Փաշինյանը պատրաստ չէ, ուստի իր այցելությամբ եւ իր գործողություններով, օրինակ, Կոմունիզմի զոհերի հուշարձան գնալով, նա փորձում է հավասարակշռություն պահպանել՝ Արեւմուտքին ցույց տալով, որ ստիպված է այցելում Մոսկվա»,- «Հրապարակ»-ին ասում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Վերլուծաբանը ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունը նողկալի ու դեմոնստրատիվ է բնորոշում՝ շեշտելով, որ դա ամենեւին չի խոսում ՀՀ վարչապետի դրական որակների մասին: «Այնպես չէ, որ Ռուսաստանը կոմունիստական երկիր է, բայց խնդիրն այն է, որ նա թքում է իր իսկ քաղաքացիների երեսին, այն հայ կոմունիստների, որոնք ստեղծել են այն երկիրը, որը նա այսօր ղեկավարում է: Եթե չլինեին կոմունիստները, Հայաստանը գուցե այսօր ընդհանրապես չլիներ»,- շեշտում է մեր զրուցակիցն ու շարունակում. «Նա աշխատում է հայ ժողովրդի շահերի դեմ, փորձում է կտրել կապը Հայաստանի պատմության հետ: Փաշինյանի մասին հետագայում հայերը հիշելու են այնպես, ինչպես 1915 թվականի ցեղասպանությունն են հիշում»:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: