Լրահոս
Օրվա լրահոսը

600.000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին. «Հետք»

Մայիս 01,2025 13:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հետք». Հակակոռուպցիոն դատարանում ամեն շաբաթ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման որևէ հայց է քննվում։

«Հետք»-ն ուսումնասիրել է միլիարդավոր դրամների պահանջով գործերից մեկը և պարզել, որ Դատախազության կազմած ցանկից դուրս է մնացել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող անձի անունով գրանցված մոտ 600 հազար ԱՄՆ դոլար արժեքով բնակարանը։ Ամիսներ անց ցանկից դուրս մնացած և Երևանի փոքր կենտրոնում գտնվող այդ բնակարանը դարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդու սեփականությունը։

Հակակոռուպցիոն դատարանում 2023 թ.-ի հոկտեմբերից քննվում է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող մի շարք գույք բռնագանձելու՝ Դատախազության հայցը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ուսումնասիրության հիման վրա Գագիկ Ծառուկյանից եւ նրա մերձավորներից պահանջվում է պետությանը վերադարձնել միլիարդավոր դրամական միջոցներ, բաժնետոմսեր, ավտոմեքենաներ, տներ եւ բնակարաններ։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ արդեն 1.5 տարի քննվում է այս հայցը։ Բացի Ծառուկյաններից, Դատախազությունը պահանջում է գույք բռնագանձել նաեւ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ներգրավված Տիգրան Մանուկյանից։ Տիգրան Մանուկյանը Հայաստանում «Միցուբիշի» եւ «ՄԱԶ» մեքենաներ ներմուծող ընկերության՝ «Մեգամոթորս» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ Մանուկյանը եղել է նաև «Շանգրի լա» խաղատան տնօրենը և Ծառուկյանի հետ կապ ունեցող այլ ընկերությունների բաժնետեր։

Դատախազությունը Տիգրան Մանուկյանից պահանջում է բռնագանձել հետևյալ գույքը՝

«Մեգամոթորս» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը
21 ավտոմեքենա («Մերսեդես բենս», «Ռենջ Ռովեր», «Բի Էմ Դաբլյու» և այլ մակնիշների)
13 բնակարան Երեւանում (Նորք-Մարաշում)
10 ավտոհանգրվան Նորք-Մարաշի նույն շենքում
2 բնակարան Երեւանում (Աբովյան փողոցում)

Բոլոր բնակարանները գտնվում են Գագիկ Ծառուկյանի կառուցած շենքերում՝ Նորք-Մարաշի նորակառույց թաղամասում եւ Երևանի փոքր կենտրոնում կառուցված Աբովյան 9 շենքում։ Դատախազությունը պահանջում է Տիգրան Մանուկյանից բռնագանձել Աբովյան փ․ 9-րդ շենքի 36-րդ եւ 39-րդ բնակարանները։

Ուսումնասիրելով Տիգրան Մանուկյանին պատկանող եւ պատկանած գույքի ցանկը՝ «Հետք»-ը պարզել է, որ Տիգրան Մանուկյանը Աբովյան 9 հասցեում եւս մեկ բնակարան է ունեցել՝ թիվ 30-ը։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի պաշտոնավարման ժամանակ է սկսել ուսումնասիրել Տիգրան Մանուկյանի անունով գրանցված գույքը եւ բռնագանձման հայց ներկայացրել դատարան։ 2023 թ․ հոկտեմբերին ներկայացված հայցում չի ներառվել այդ ժամանակ սեփականության իրավունքով Տիգրան Մանուկյանին պատկանած «Աբովյան փողոց 9 շ․, 30 բնակարան» հասցեով գույքը։

Կասկածելի գործարք

Բռնագանձման հայցը դատարան ներկայացվելուց օրեր անց՝ հոկտեմբերի 23-ին, Տիգրան Մանուկյանը ցանկից դուրս մնացած բնակարանը նվիրել է ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող, արմատներով Էջմիածնից Եղիշ Համբարձումյանին։

Բռնագանձման գործը դատարան մուտք արվելուց 4 ամիս անց Եղիշ Համբարձումյանը նվեր ստացած բնակարանը վաճառել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդուն՝ Ռոբերտ Աբազյանին։

Ինչո՞ւ է Դատախազությունը բռնագանձման ցանկից դուրս թողել «Աբովյան 9, թիվ 30» բնակարանը

Պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել ենք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որի ղեկավարած կառույցի կազմում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը եւ որի աշխատանքը մինչեւ 2024 թ․ նոյեմբերը համակարգել է Արդարադատության ներկայիս նախարար Սրբուհի Գալյանը։ Ներկայացնելով Աբովյան 9 շենքի 30-րդ բնակարանի պատմությունը՝ Դատախազությանը հարցրել ենք՝

Ինչո՞ւ Տիգրան Մանուկյանին պատկանած «Երևան, Աբովյան փ․ 9 շ․, 30 բնակարան» հասցեի գույքը չի ներառվել ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկում, որը հետագայում անխոչընդոտ վաճառվել է (գույքի վրա որևէ արգելանք չի դրվել ո՛չ ուսումնասիրության շրջանակում, ո՛չ էլ, բնականաբար, դատաքննության փուլում)։

Դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ Տիգրան Մանուկյանը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի իմաստով չի համարվում Գագիկ Ծառուկյանին փոխկապակցված անձ: Տիգրան Մանուկյանի դեմ գույքի բռնագանձման պահանջը ներկայացված է՝ հաշվի առնելով այն, որ նրա անվամբ գրանցված է որոշ գույք, որի իրական շահառու է դիտարկվել Գագիկ Ծառուկյանը:

Տիրայր Մուրադյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031