Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակակիրների ընտրության հետաքրքիր ձևաչափ կար՝ համահունչ «Գրեմմիին». կայացել է «Խազեր» մրցանակաբաշխությունը

Մայիս 01,2025 14:35

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայկական երաժշտական ակադեմիան անցկացրել է առաջին հայկական երաժշտական «Խազեր» մրցանակաբաշխությունը:

17 անվանակարգում պարգևատրվել են հայկական երգարվեստի տարբեր ժանրերի ներկայացուցիչները: Հաղթողներն ընտրվել են ակադեմիայի 300-ից ավելի անդամների քվեարկությամբ:

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նա հատուկ մրցանակ է հանձնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանին: «Երգելու եմ մինչև կյանքիս վերջը»,- բեմից հայտարարել է Ռուբեն Մաթևոսյանը՝ ընդունելով մրցանակը։

«Յուրաքանչյուր սերունդ ունի իր լեգենդները։ Այսօր մեծարում ենք նրանցից մեկին՝ մարդու, որի ձայնն արձագանք է գտել բոլորի սրտերում, մարդու, որը պատմել է մեր կյանքի, մեր հայրենիքի, սիրո և հպարտության մասին»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ հանձնելով մրցանակը։

Անդրադառնալով մրցանակաբաշխությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ուրախալի է համարել նոր ձևաչափով մրցանակաբաշխության կազմակերպումը, որը, ըստ նրա, Հայաստանում մշակույթի զարգացման արդյունք է։

«ԿԳՄՍ նախարարությունն աջակցել է մրցանակաբաշխությանը, քանի որ մրցանակակիրների ընտրության հետաքրքիր ձևաչափ կար՝ համահունչ «Գրեմմիին»: Ընտրության չափանիշները բարձր են, կարևոր է նաև այն, որ «Խազերն» ընդգրկում է դասական և ժողովրդական երաժշտությունը»,-նշել է նախարարի տեղակալը:

Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական արվեստի տարբեր ոլորտներ ընդգրկող յուրահատուկ համերգային կատարումներով: «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության հատուկ հյուրն էր «Գրեմմի» կրկնակի մրցանակակիր, կոմպոզիտոր և պրոդյուսեր Քիթ Ուեյքլին, որը նաև Recording Academy-ի Տեխասի մասնաճյուղի ղեկավարն է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031