Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա հիասքանչ է, իսկապես հիասքանչ է». Հիշողություններ Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքից

Մայիս 01,2025 14:57

«Նա հիասքանչ է, իսկապես հիասքանչ է», -շշնջաց Հարրին եղբորը։ Ըստ էթիկետի՝ փեսան չէր կարող շրջվել։ Նա պարտավոր էր նայել ուղիղ առաջ, մինչև հարսնացուն կմոտենար եկեղեցու բեմի սեղանին։ Բայց ոչինչ չէր արգելում Հարրիին պտտվել, և նա հենց այդպես էլ արեց։ Հենց նա էլ առաջինը տեսավ ապագա արքայադստերը՝ իր ողջ փայլով և չկարողացավ զսպել իր հիացած մեկնաբանությունը։ Եվ ոչ միայն նա։ 2011թ. ապրիլի 29-ին միլիոնավոր մարդիկ հետեւում էին դարի հարսանիքին։

Շատ տարիներ մամուլը հեգնում էր՝ «Սպասող Քեյթը»։ Թաբլոիդներն արձանագրում էին, թե ինչպես էր արքայազն Ուիլյամը բաժանվում իր ընտրյալից, ինչպես էր ուրախ նշում իր ազատությունը… Եվ հետո՝ բավական կարճ ժամանակ անց՝ ինչպես Քեյթ Միդլթոնը և գահի ժառանգորդը կրկին միավորվեցին։ Իսկ 2010թ. հոկտեմբերի 16-ին պաշտոնապես հայտարարվեց նրանց նշանադրության մասին Սենթ Ջեյմսի պալատում։

Դա երկար ճանապարհ էր՝ գրեթե տասը տարի։ Ուիլյամը և Քեյթը ծանոթացել էին 2001թ. սեպտեմբերին Սենթ Էնդրյուսի համալսարանում։ Միևնույն սրճարանն էին հաճախում համալսարանի տարածքում, և մի օր սկսեցին զրուցել։ Չնայած հետագայում հնչում էին ասեկոսեներ «կազմակերպված հանդիպման» վերաբերյալ, բայց դժվար նման բան լիներ։ Համալսարանում սովորում էին հարյուրավոր աղջիկներ։ Կռահել, որ հենց Քեյթը դուր կգա արքայազնին, գրեթե անհնար էր։ Բացի դրանից, ընդունվելիս Ուիլյամը հանդիպում էր այլ աղջիկների հետ։

«Հնարավոր է՝ այստեղ արդեն հանդիպել եք ձեր ապագա ամուսնուն կամ կնոջը», -ասել էր բուհի ղեկավարներից մեկը։ Իսկապես, ուսանողական տարիներին սկսված հարաբերությունները հաճախ ավարտվում են ամուսնությամբ։ Դա գաղտնիք չէ։

Նրանք միասին դահուկ էին քշում, ապրում էին նույն վարձով տանը, և երբ մամուլը տեղեկացավ այդ մասին, սկսեց փնտրել Քեյթի լուսանկարները։ Քեյթ Միդլթոնը, բարեբախտաբար, բավական խելամիտ գտնվեց՝ չտալու որևէ հարցազրույց Ուիլյամի հետ իր հարաբերությունների մասին։ Իսկ ահա 22 տարեկանում Ուիլյամը նման մեկնաբանություն տվեց, երբ նրան հարցրին նոր ընկերուհու մասին․«Ի սեր, Աստծո, ես չափազանց երիտասարդ եմ՝ ամուսնանալու համար»։

Քեյթը ոչ միայն սովորում էր Ուիլյամի հետ միևնույն համալսարանում, այլև նրանք ունեին բազմաթիվ ընդհանուր հետաքրքրություններ՝ սպորտ, արվեստ, ընտանիքի հանդեպ նման վերաբերմունք։ Մոր կորստից հետո բարդ հարաբերություններ ունեցող Ուիլյամը՝ հոր և նրա նոր կնոջ հետ, ձգտում էր դեպի Միդլթոնների ընտանիքը, որն իսկապես ամուր էր։ Ուստի զարմանալի չէ, որ Քեյթի ծնողները մինչ օրս սիրելի հյուրեր են Ուիլյամի ընտանիքի բոլոր տոնական միջոցառումներին։

Երբ Քեյթի մատին հայտնվեց արքայադուստր Դիանայի նշանադրության հայտնի մատանին (12 կարատ սափֆիրով՝ շրջապատված 14 ադամանդներով), շատերը ենթադրեցին, որ դա կլինի դարի հարսանիքը։ Եվ իսկապես, նման շքեղ արարողություն Անգլիայում չէր եղել այն պահից, երբ արքայազն Չարլզն ամուսնացավ Սփենսերի կոմսի դստեր հետ։

Մեծ հետաքրքրություն կար նաեւ այն առումով, թե ինչ հարսանեկան զգեստ կընտրի Քեյթը։ Մոդելը պահվում էր գաղտնի, որպեսզի անակնկալ լինի բոլորի համար։

Քեյթը չհիասթափեցրեց։ Նրա հիասքանչ զգեստը՝ ժանյակավոր վերնամասով, ոմանք համեմատեցին Գրեյս Քելլիի հայտնի զգեստի հետ, սակայն ոճերը տարբեր էր։ Ապշեցուցիչ հագուստը ստեղծել էր Սառա Բերտոնը՝ Ալեքսանդր Մաքքուինի նորաձևության տան դիզայները։

Հարսանեկան զգեստի ամեն մանրուք խորհրդանշական էր։ Զգեստի թեւերին ու կրծքին վրա ժանյակներով պատկերված էին Միացյալ Թագավորության խորհրդանշական ծաղիկները՝ վարդ, նարգիզ, երիցուկ … Ու քանի որ հարսանեկան ավանդույթի համաձայն՝ զգեստի մեջ պետք է լիներ նաև կապույտ տարր, զգեստի եզրին կարված էր կապույտ ժապավեն։

Ըստ հավատալիքի՝ «Որքան երկար է փեշը, այնքան երջանիկ կլինի կյանքը»: Արքայադուստր Դիանան գուցե հեգներ սա, բայց Քեյթի փեշը բավական երկար էր՝ 9 ֆուտ։ Այն տանում էր հարսնացուի քույրը՝ Պիպան։

Հարսնացուին եկեղեցի տարավ հայրը՝ Մայքլ Միդլթոնը։ Նրանք միասին հասան տաճար մեկ մեքենայով։ Ծնողները դստերը նվիրել էին ադամանդե ականջօղեր, որոնք նա կրում էր այդ օրը, իսկ գլխին փայլում էր թագը, որը վերցվել էր թագավորական գանձարանից։

Այն պատրաստվել էր «Cartier»-ը՝ 1936-ին, Արժեքն էլ մոտ 1.3 միլիոն ֆունտ էր։ Թագը նախատեսված էր Եղիսաբեթ Բոուզ Լայոնի համար և հետագայում անցել էր Եղիսաբեթ II-ին։ Այն կրել են նաև արքայադուստր Աննան և արքայադուստր Մարգարեթը։ Եվ ահա՝ 2011թ. ապրիլի 29-ին այն զարդարեց Ուիլյամի ընտրյալի գլուխը։

Ուիլյամը հագել էր Իռլանդական գնդի կարմիր համազգեստ՝ Պատվո ժապավենով։ Նա շարունակում էր նայել առաջ մինչև Քեյթը կանգնեց կողքին։ Այնուհետև նրանք նայեցին իրար ՝ երկուսն էլ փայլում էին երջանկությունից։

 

«Սա մեր փոքր ընտանեկան տոնն է», -կատակեց Ուիլյամը դիմելով ապագա աներոջը՝ ծիծաղելով։ Ընտանեկան ավանդույթի համաձայն՝ արքայազն Չարլզի ավագ որդուն տրվեց նոր տիտղոս։ Այդ օրվանից Ուիլյամը դարձավ Քեմբրիջի դուքսը, ինչպես նաև՝ Չեսթերի կոմս, Սթրաթերն կոմս, և Կառիկֆերգյուսի բարոն։

Վեստմինսթերյան աբբայությունում ներկա էր 1900 հյուր՝ բարեկամներ, համակուրսեցիներ, ազնվականներ, համբավավոր հյուրեր, այդ թվում՝ Մոնակոյի ապագա իշխանուհի Շարլենը։ Ներկա էին նաև նախկին սիրելիները՝ մամուլը հաշվեց փեսացուի չորս նախկին ընկերուհիներին։

Տաճարը զարդարված էր բացառիկ ձևով։ Միջանցքը վերածվել էր «կենդանի ծառուղու»։ Դրանք բերվել էին Սանդրինգհեմից և Վինձորի մեծ այգուց, որոնք հետո տնկվեցին արքայազն Չարլզի Ուելսյան կալվածքում։

Հարսնացուի ծաղկեփունջը նույնպես յուրահատուկ էր։ Կայսերական ավանդույթի համաձայն հարսնացուն չի նետում փունջը, այլ՝ դնում է Անհայտ զինվորի գերեզմանին Վեստմինսթերում։ Առաջինը դա արել էր Եղիսաբեթ Բոուզ Լայոնը։

Թագուհին հագել էր դեղին վերարկու-զգեստ՝ Անջելա Քելլիի դիզայնով: Նա ուրախությամբ հավանություն էր տվել Ուիլյամի ընտրությանը ։

Հարսանիքից հետո Ուիլյամը և Քեյթը գնացին Կլարենս Հաուս՝ հագուստները փոխելու։ Երեկոյան միջոցառմանը նրանք հրավիրվել էին 300 ամենամոտ մարդկանց։

Հարսանեկան ճաշացանկը կազմվել էր Ուիլյամի նախընտրությամբ՝ բացառելով սխտորը (թագուհու պահանջով)։ Նախատեսված էր սաղմոն, խեցգետին, գառան միս, կարտոֆիլ, շամպայն, 3 աղանդեր։ Հարսանեկան տորթը զարդարված էր 900 ծաղիկներով։

Առաջին պարը՝ Էլլի Գուլդինգի երգի ներքո էր։ Գիշերվա 2:30-ին սկսվեց հրավառությունը։ Այդ երեկո զույգն անցկացրեց իր առաջին ամուսնական գիշերը։

«Ես սիրեցի մեր նորահարսին», -գրել է Հարին իր «Փոխարինողը» հուշագրքում։ «Նա ինձ համար ավելին էր, քան քույրը եւ ոչ թե եղբոր կին»։

Հարին, ինչպես միշտ, ամենաուրախ հյուրերից էր։ Նա նույնիսկ կատակեց եղբոր մազաթափության մասին…

Այսօր Ուիլյամը և Քեյթը ամուսնացած են արդեն 14 տարի։ Նրանք ունեն 3 երեխա։ Եվ նրանք Անգլիայի ապագա թագավորն ու թագուհին են։

Ն. ՄԱՐՇ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031