Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք, որ Ձեր միջնորդությամբ արցախյան հայերը՝ Հաղթանակի սերունդը, կրկին կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Վիտալի Բալասանյանի նամակը Վլադիմիր Պուտինին

Մայիս 01,2025 15:23

Ռուսաստանի Դաշնության նախագահ
Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին

Խորապես հարգելի Վլադիմիր Վլադիմիրի՛չ,

Այս տարի լրանում է 80 տարին Խորհրդային Միության Հաղթանակից ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ։ Մեր պապերն ու մեծ պապերը հաղթանակ տարան հզոր թշնամու նկատմամբ, որը աշխարհի ժողովուրդներին բերում էր ստրկություն և մահ։

Հետպատերազմյան այս տարիների ընթացքում, տարբեր ուժերի ազդեցությամբ, մի քանի անգամ փոխվել է մեր նախնիների այդ մեծագործության հանդեպ վերաբերմունքը, սակայն Ձեր շնորհիվ վերականգնվեց արժանի վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմի սուրբ հիշատակի և բոլոր նրանց հանդեպ, ովքեր կռվել ու զոհվել են։ Վերածնվեց հարգանքը այդ պարզ ու մեծ մարդկանց նկատմամբ, ովքեր կերտեցին այդ Հաղթանակը։

Հաղթանակի գինը ծանր էր։ Խորհրդային ժողովուրդը կորցրեց 27 միլիոն կյանք։ Պատերազմը միավորեց երկրի բոլոր ժողովուրդներին։ Յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում ներդրում ունեցավ ընդհանուր գործում։

Հայ ժողովուրդը ևս հերոսական մասնակցություն ունեցավ այդ մեծ հաղթանակին։ Ինչպես ասել է Հաղթանակի մարշալ Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովը․ «Ֆաշիզմի դեմ հաղթանակում հայերը՝ շարքայինից մինչև մարշալ, անմահացրեցին իրենց անունները որպես խիզախ մարտիկներ»։

Հայոց Արցախից (Ղարաբաղից) Հայրենական պատերազմին մասնակցել են 90 հազար մարդ։ Ղարաբաղից 29 հոգի արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, 7-ը՝ Փառքի շքանշանի երեք աստիճանների, հազարավոր մարտիկներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով։

Տասնյակ ղարաբաղցիներ դարձել են գեներալներ ու ծովակալներ։ Ղարաբաղցիները հրամայել են ռազմաճակատների, բանակների, կորպուսների ու դիվիզիաների։ Ամենահայտնի անուններից են՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Իվան Քրիստափորովիչ Բաղրամյան, Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ ռազմածովային ուժերի ադմիրալ Իվան Ստեփանովիչ Իսակով, Խորհրդային Միության հերոս, զրահատեխնիկայի գլխավոր մարշալ Ամազասպ Խաչատուրովիչ Բաբաջանյան, ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակով (Արմենակ Արտյոմովիչ Խանփերյանց), ԽՍՀՄ ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորովիչ Աղանով, Խորհրդային Միության հերոս, գեներալ-գնդապետ Միքայել Արտյոմի Պարսեգով։ Բացի մարշալ Բաղրամյանից, կրկնակի հերոս էր նաև գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Գևորգի Ստեփանյանը՝ երկրի լավագույն գրոհիչ օդաչուներից մեկը (երկրորդ Ոսկե Աստղին արժանացել է հետմահու)։

Իրենց հերոսությամբ ղարաբաղյան հայերը անմահացրին իրենց հրաշալի հայրենիքի փառքը։

Անհնար է չնշել նաև, որ հայ պետական և կուսակցական գործիչների, ռազմարդյունաբերության կազմակերպիչների, գիտնականների թվում, որոնք ստեղծել են Հաղթանակի զենքը, նույնպես եղել են ղարաբաղցիներ։

Հայ-լրտեսների մեծ ներդրումը ևս աչքի է զարնում։ Նրանց մեջ նույնպես կային ղարաբաղցիներ։ Լրտեսության մի սյուն է հանդիսացել խորհրդային հայտնի հետախույզ, գեներալ-մայոր Իվան Իվանովիչ Ագայանցը, որը պատերազմի տարիներին եղել է Իրանում խորհրդային ռեզիդենտ։ Նա եղել է ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի ու նրա կնոջ՝ Գոհար Լևոնովնայի ղեկավարն ու դաստիարակը։ Նրա շնորհիվ 1943 թվականին Տեհրանում կայացած խորհրդաժողովը՝ ՍՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ղեկավարների մասնակցությամբ, կայացել է հաջողությամբ։ Նա ձախողել է գերմանացիների կազմակերպած սպանության փորձը Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ։ Եվս մեկ նշանավոր անձ է Մարիուս Արամի Յուզբաշյանը՝ խորհրդային պետական գործիչ, պետական անվտանգության (ԿԳԲ) գեներալ-լեյտենանտ, ով 1978–1988 թվականներին ղեկավարել է Հայաստանի ԿԳԲ-ն։

Ղարաբաղցիները շատ հաճախ իրենց կյանքով են փառավորել իրենց հայրենի հողը, սակայն հատկապես աչքի է ընկնում հայկական Չարդախլու գյուղը։ Զարմանալի փաստ է, որ աշխարհում չկա մի այլ բնակավայր, անգամ խոշոր քաղաք, որը երկու մարշալ տա։ Իսկ ահա Չարդախլուն տվել է ԽՍՀՄ մարշալ Իվան Բաղրամյանին և զրահատեխնիկայի գլխավոր մարշալ Ամազասպ Բաբաջանյանին։ Այստեղից են նաև՝ 2 մարշալ, 12 գեներալ, 199 սպա, որոնցից 57-ը՝ գնդապետներ, 7-ը՝ ԽՍՀՄ հերոսներ։ Չարդախլուից 1250 մարդ է մասնակցել պատերազմին, որոնցից 452-ը հերոսաբար ընկել են։ 250-ից ավելի մարդ, այսինքն՝ յուրաքանչյուր հինգերորդը, զբաղեցրել է հրամանատարական պաշտոններ։

1987թ. դեկտեմբերին՝ մինչ Արցախի 1988 թ. շարժման սկսվելը, Ադրբեջանի իշխանությունները իրականացրեցին զանգվածային արշավ և բռնի կերպով արտաքսեցին այդ հերոսական գյուղի բնիկ հայ բնակչությանը։ Ադրբեջանցիները փորձեցին ջնջել Չարդախլուի հայկական պատմության բոլոր հետքերը։ Ածեցին կրկնակի հերոս Բաղրամյանի արձանը, քարշ տվեցին գյուղում՝ խայտառակ կերպով։ Երկու մարշալների թանգարանը վերածեցին թեյարանի, գերեզմանոցները պղծեցին, խաչերը ոչնչացրին։ Նույնիսկ գյուղի մուտքի մոտ գտնվող երկու հսկա թթենիները, որոնք խորհրդանշում էին մարշալներին, հատվեցին և այրվեցին։

1988 թվականին Կիրովաբադում նույնպես հեռացվեց Բաղրամյանի արձանը, իսկ Շուշիում նույն ճակատագրին արժանացավ Նելսոն Ստեփանյանի արձանը։

Հին հայկական Արցախի՝ Լեռնային և Դաշտային Ղարաբաղի տարածքները, որտեղ 20-րդ դարասկզբին հայերը կազմում էին 95%-ը, բախտի չար կամքով, խորհրդային բռնի որոշմամբ, ներառվեցին նորաստեղծ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ։ Այդ ժամանակներից ոչ վաղ անցել էր նաև Օսմանյան Թուրքիայում (1894–1923) և Ադրբեջանում (1918–1920) իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում շուրջ 2 միլիոն հայեր զոհվել են։

Ցեղասպանությանը ենթարկվել են ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլև հայկական բազմադարյա ճարտարապետական ու հոգևոր ժառանգությունը՝ եկեղեցիներ, խաչքարեր, վանքեր։ Նախիջևանի և այլ վայրերի հարյուրավոր հայկական հուշարձաններ՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, վերացվել են այնպես, որ դրանցից նշույլ անգամ չի մնացել։

Արցախի՝ շուրջ 30-ամյա անկախության ընթացքում տեղական իշխանություններին հաջողվել է վերականգնել բազմաթիվ պատմամշակութային արժեքներ։

Սակայն 2020–2023 թթ. պատերազմներից հետո այս ամենը կրկին վտանգված է։ Ադրբեջանը նոր մասշտաբով շարունակում է ոչնչացնել հայկական հետքը Արցախում, այդ թվում՝ Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանները, ինչը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ ենթակա է քրեական պատասխանատվության։

Այսօր արցախյան հայերը զրկված են իրենց պատմական հայրենիքից։ Մենք հավատում ենք, որ այս անարդարությունը կարող է ուղղել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը։ Հարյուրամյակներ շարունակ Ռուսաստանը, ներառյալ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով, հայ ժողովրդին հնարավորություն է տվել պահպանել իր ինքնությունն ու պետականությունը իր հողում։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի՛չ,

Հուսով ենք, որ Ձեր միջնորդությամբ արցախյան հայերը՝ Հաղթանակի սերունդը, կրկին կվերադառնան իրենց պատմական հայրենիք, և ձեռնարկվելու են անհետաձգելի քայլեր՝ փրկելու հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգությունը՝ եկեղեցիներ, խաչքարեր, շինություններ, բնակավայրեր, հուշարձաններ, այդ թվում՝ Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանները։

Վերջում թույլ տվեք հարգանք ու երախտագիտություն հայտնել Ձեզ և շնորհավորել Ձեզ ու բոլոր բարի կամքի մարդկանց Մեծ Հաղթանակի 80-ամյակի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ողջ աշխարհին։

Արցախյան Մեծ հայրենականի մասնակիցների սերնդի անունից
Արցախի հերոս, գեներալմայոր Վիտալի Մ. Բալասանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031