Զատկական տոների եւ Ցեղասպանության 110-ամյակի միջոցառումներով պայմանավորված շուրջ 10-օրյա ընդմիջումից հետո «Սրբազան պայքարի» երիտասարդական թեւը երեկվանից վերսկսել է հանրային վայրերում «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» խորագրով ստորագրահավաքը:
Այսօր երիտասարդները իրենց ակցիան իրականացնում էին Սուրբ Աննա եկեղեցու եւ «Հաղթանակ» զբոսայգու մոտ: Aravot.am-ը գործընթացին հետեւելու նպատակով գտնվում էր Սուրբ Աննա եկեղեցու մոտ:
Կարդացեք նաև
Պայքարի երիտասարդները մեզ տեղեկացրին, որ չեն կարող հստակ ասել, թե նախաձեռնության սկզբից ի վեր քանի մարդ է իր անվստահությունը հայտնել գործող իշխանությանը, որովհետեւ դեռ նոր հաշվարկների արդյունքին չեն տիրապետում: Սակայն վստահ էին, որ թիվը պետք է գերազանցի 30 հազարը, գուցե նաեւ մոտ է 40 հազարին: Նրանք ասացին, թե տպավորություն կարող է ստեղծվել, որ արդեն գրեթե երկու ամիս է անցել նախաձեռնության մեկնարկից եւ մարդիկ այնքան էլ ակտիվ չեն:
Սակայն պետք է նկատի առնել, որ այս յուրատեսակ ստորագրահավաքն անցկացվում է ոչ ամեն օր եւ տեւում է ընդամենը 2-3 ժամ: Այնպես որ, արդյունքները միանգամայն գոհացնող են եւ կայուն աճելու միտում ունեն:
Ակտիվիստ աղջնակներից մեկն էլ իր հետաքրքիր դիտարկումն էր արել: «Մտածում էի, որ վիճակից ավելի շատ դժգոհ կլինի միջին եւ ավագ տարիքի սերունդը: Բայց երիտասարդությունն էլ բավականաչափ ակտիվ է, ինչը ուրախացնում է ու վկայում, որ իմ հասակակիցները մտահոգ են երկրի ու իրենց ճակատագրով»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ