Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հակասությունները չպիտի վերածվեն անձնական թշնամանքի

Մայիս 02,2025 10:00

Ես նույնպես, ինչպես «Սրբազան պայքարի» երիտասարդները, մեղմ ասած, չեմ վստահում Փաշինյանի իշխանությանը: Ոչ միայն չեմ վստահում, այլ կարծում եմ, որ նրա՝ վարչապետի աթոռին մնալու ամեն օրը մոտեցնում է Հայաստան պետության դե-ֆակտո վերացումը: Ցանկացած այլ անձի, անկախ կուսակցական պատկանելությունից, այդ աթոռին հայտնվելը տալիս է որոշ շանսեր, բայց, բնականաբար, չի տալիս ոչ մի երաշխիք: Այն վիճակը, որում մենք հայտնվել ենք, պայմանավորված է ոչ միայն նվաստացուցիչ պարտությամբ, այլ հասարակական լուրջ դեգրադացիայով: Հետեւաբար, հնարավոր իշխանափոխությունն էլ իմ մեջ, ճիշտն ասած, մեծ լավատեսություն չի արթնացնում:

Այն տոնայնությունը, որով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իրականացնում է իր կուսակցության քարոզչությունը, նույնպես իմ սրտով չէ: Չնայած հանուն արդարության՝ պետք է ասել, որ այդպես են գործում բոլոր կուսակցությունների «ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչները»:

Բայց երբ տարեց կինը մոտենում է ցույց անող (կրկնեմ՝ ինձ համար միանգամայն ընդունելի կարգախոսներով ցույց անող) երիտասարդներին ու իր դժգոհությունն է հայտնում, նույնիսկ վիրավորում է, նույնիսկ ձեռնափայտն է թափահարում, միակ մարդկային պատասխանը պետք է լինի՝ «մայրիկ ջան, մի՛ հուզվեք, ամեն ինչ լավ կլինի»: Եվ ոչ թե քաղաքական թեմաներով այդ կնոջը բզբզելը, որպեսզի նա ավելի շատ բորբոքվի: Մանավանդ, եթե ցուցարար երիտասարդներին, կարծես թե, խորթ չեն քրիստոնեական արժեքները՝ ներողամտությունը, համբերատարությունը, հանդուրժողականությունը: Ամենավատ բանը, որը հիմա կա, եւ որն, ի դեպ, նպաստում է հասարակական դեգրադացիային՝ այն է, որ քաղաքական, միանգամայն բնական, հակասությունները վերածվում են անձնական թշնամանքի:

Դուք գուցե ասեք՝ «բա որ նրանք…»: Օրինակ, «բա որ նրանց ոստիկանները քաշքշում էին որդեկորույս մայրերին»: Դա իրականում շատ կարեւոր խնդիր է. արդյոք իմ վարքը պայմանավորված է ուրիշների՞ վարքով, թե՞ իմ ներքին, անսասան, որեւէ «դրսի գործոններով» չպայմանավորված սկզբունքներով:

Ամեն մեկս պետք է պատասխան տա այդ հարցին: Առաջին ճանապարհը հեշտ է, բայց, ինչպես ցույց է տալիս հազարամյակների մարդկային փորձը, հղի է «պատասխան» ստորություններով ու սրիկայություններով: Երկրորդը՝ բարդ է եւ շատերի համար՝ անընդունելի: Բայց դե իմ նպատակը որեւէ մեկի համար ընդունելի լինելը չէ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարչական կոլաժում՝ ձախից ոստիկանները Եռաբլուրում բերման են ենթարկում զոհվածի մորը: Աջից՝ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը վիճում է «Սրբազան պայքարի» երիտասարդների հետ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Պարոն Աբրահամյան, Դուք իրավացի եք, երբ գրում եք․ «Ես նույնպես, ինչպես «Սրբազան պայքարի» երիտասարդները, մեղմ ասած, չեմ վստահում Փաշինյանի իշխանությանը: Ոչ միայն չեմ վստահում, այլ կարծում եմ, որ նրա՝ վարչապետի աթոռին մնալու ամեն օրը մոտեցնում է Հայաստան պետության դե-ֆակտո վերացումը: Ցանկացած այլ անձի, անկախ կուսակցական պատկանելությունից, այդ աթոռին հայտնվելը տալիս է որոշ շանսեր»։

    Սակայն հետո շարունակում եք․ «Բայց երբ տարեց կինը մոտենում է ցույց անող (կրկնեմ՝ ինձ համար միանգամայն ընդունելի կարգախոսներով ցույց անող) երիտասարդներին ու իր դժգոհությունն է հայտնում, նույնիսկ վիրավորում է, նույնիսկ ձեռնափայտն է թափահարում, միակ մարդկային պատասխանը պետք է լինի՝ «մայրիկ ջան, մի՛ հուզվեք, ամեն ինչ լավ կլինի»: Եվ ոչ թե քաղաքական թեմաներով այդ կնոջը բզբզելը, որպեսզի նա ավելի շատ բորբոքվի: Մանավանդ, եթե ցուցարար երիտասարդներին, կարծես թե, խորթ չեն քրիստոնեական արժեքները՝ ներողամտությունը, համբերատարությունը, հանդուրժողականությունը»։

    Պարոն Աբրահամյան, Դուք դարձյալ իրավացի եք քրիստոնեական արժեհամակարգի, բարեվարքության նորմերի, ազգային-ավանդական վարվելակերպի (մեծի նկատմամբ հարգանք) տեսանկյունից։ Սակայն, իմ իմացությամբ, քաղաքականության մեջ նրբանկատությունները սովորաբար առաջին պլան չեն մղվում և ավելի հաճախ իրատեսական մարտավարություններ են կիրառվում։ Օրինակ՝ մարդկանց երեսին թքող Ալեն Սիմոնյանի, պատգամավորի վրա ոտքերով ու ձեռքերով հարձակվող Վահագն Ալեքսանյանի, Արեն Մկրտչյանի և նման մյուս ՔՊ-ականների ծնողներին Ձեր խոսքերով դիմելով «մայրիկ ջան, մի՛ հուզվեք, ամեն ինչ լավ կլինի», ես հույս չունեմ, թե այդպիսի որդիներ դաստիարակած ագրեսիվ մայրերին ու նրանց որդիներին դարձի կբերենք։ Իմ կյանքի փորձով համոզվել եմ, որ լկտի և անարժան մարդկանց նկատմամբ ցուցաբերածս մեծահոգությունը և նրբանկատությունը հիմնականում հակառակ արդյունք է տվել։ Նրանք դա գնահատել են իմ կողմից նահանջելու և վախենալու պահվածք և դրանից նրանք ավելի են լկտիացել (կարծում եմ՝ ասածս կարող է շատերի հետ պատահած լինել)։
    Իսկ ՔՊ-ականների դեպքում, առկա է նաև նախաբանում Ձեր ասած՝ «Հայաստան պետության դե-ֆակտո վերացման վտանգը»։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031