ԻԻՀ նախագահ Փեզեշքիանն ապրիլի 28-ին Բաքու այցելելուց առաջ Թեհրանում հայտարարել էր՝ «Մենք Ադրբեջանը մերն ենք համարում, սահմանները էական չեն»: Բաքվում էլ Փեզեշքիանը հայտարարեց, որ իր տպավորությամբ, գտնվում է Թավրիզ կամ Արդեբիլ քաղաքներում:
Երկակի իմաստ պարունակող այս հայտարարությունները բազմաբովանդակ ընդհանրություններով հարուստ ժողովուրդների բարեկամությունը վկայող արտահայտությունից բացի, կարող էին ընկալվել նաեւ որպես Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանից անջատված եւ Ցարական Ռուսաստանի կազմի մեջ հայտնված «կովկասյան 17 քաղաքների»՝ Իրանի համար ցավալի կորուստ:
Ի դեպ, կարող ենք նաեւ զուգահեռներ անցկացնել նախագահ Փեզեշքիանի այս հայտարարության եւ 1996 թվականի դեկտեմբերի 26-ին Իրանի փոխնախագահ Հասան Հաբիբիի (լուսանկարում)՝ Երեւան այցելության ժամանակ ԵՊՀ-ում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի ելույթի միջեւ, երբ Իրանի փոխնախագահն ասել էր՝ «Հայաստան այցելելով, կարծես այցելել եմ Իրանի նահանգներից մեկը»:
Ընդհանուր առմամբ, Իրանի ու Ադրբեջանի միջեւ դրացիական կապերը նկարագրելու համար «երկուստեք վստահության մթնոլորտի բացակայությամբ ուղեկցվող լարված հարաբերություններ» բնորոշումը կարծում ենք լավագույն ձեւակերպումը կարող է լինել: Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի խոսքերը, թե «Ադրբեջան այցելելով, մտադիր է ամրապնդել երկու երկրների միջեւ վստահությունը», ասածի լավագույն վկայությունն է:
Կարդացեք նաև
Ադրբեջանում Իրանի նկատմամբ վստահության դեֆիցիտի պատճառներն Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Թեհրանի միջնորդական առաքելության ձախողումն էր, որը համընկավ Շուշիի ազատագրման դրվագին, ինչպես նաեւ պատերազմում իբր Հայաստանին ցուցաբերված Իրանի ռազմական օգնության մասին տարածվող անհիմն պնդումները, ինչը Բաքվի իշխանությունների կողմից առավելապես օգտագործվում էր Ադրբեջանի՝ մեկը մյուսին հաջորդած հարաձկումներին հայկական կողմի հուժկու հակահարվածներին արդարացում հորինելու համար:
Իսկ Ադրբեջանում լայնորեն կիրառվող հակաիրանական ու հակաշիիթական քարոզչությունը, որոնց տարածման համար օգտագործվում են նաեւ Ադրբեջանի դպրոցներում դասավանդվող դասագրքերը, մեծապես նպաստել են Իրանում Ադրբեջանի նկատմամբ անվստահության մթնոլորտի ձեւավորմանը:
Փեզեշքիանի Բաքու այցելությունից ընդամենը 10 օր անց Ադրբեջան կայցելի նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ կնոջ ուղեկցությամբ:
Կարծում ենք, Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ ընթացող բանակցությունների շրջանում Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ հարաբերություններին հակաիրանական բնույթ հաղորդելը պետք է լրջորեն մտահոգի Թեհրանին:
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում