Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության մեջ պետք է ամրագրվի հայրենասիրության եւ դավաճանության ինստիտուտը, առանձին գլուխ պետք է վերաբերի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին. Վարդան Այվազյան. «Հրապարակ»

Մայիս 02,2025 11:50

«Համահայկականությունը՝ որպես հայոց պետականության հարատեւության երաշխիք»․ այսպես է կոչվում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի համահեղինակությամբ ստեղծված գիրքը:

Գրքի 2-րդ հատվածը հեղինակել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը եւ ներկայացրել է համահայկական պետության ազգային եւ գաղափարաբանական հիմքերը, թե ինչպիսի գաղափարախոսություն պետք է ունենա պետությունը. «Ներկայացրել եմ համահայկական պետության սահմանադրական մոդելը, թե ինչպես եմ տեսնում պետության սահմանադրական մոդելը»,- մեզ հետ զրույցում նշում է Այվազյանը:

Պետականության պահպանման երաշխիք միայն համահայկականությո՞ւնն է, թե՞ այլ գործոններ էլ կան, որոնց մասին խոսվում է գրքում։ «Թիվ մեկ լինելիության հրամայականը որակյալ հայի ստեղծումն է, իսկ եթե այդ որակի չափանիշները մենք չենք ստեղծում, մեր պետականությունը չի կարող այս մարտահրավերների պայմաններում գոյատեւել: Մեր հարեւանությամբ 80 մլն-անոց Թուրքիան է եւ 8 մլն-անոց Ադրբեջանը, եւ որպեսզի կարողանանք դիմագրավել այդ մարտահրավերներին, այլընտրանք չունենք, քան համախմբել, կոնսոլիդացնել աշխարհում ապրող 13 մլն հայերին, ընդ որում` այդ 13 մլն-ին պետք է համախմբել մեկ պետականության մեջ, բոլորը պետք է համահայկական պետականության բաղկացուցիչներ լինեն` մասնակիցներ: Սա է գաղափարը: Ես աշխատության մեջ գրել եմ, որ մեր սահմանադրության մեջ պետք է ամրագրվի հայրենասիրության ինստիտուտը, նաեւ՝ դավաճանության ինստիտուտը, գործող իշխանությունների բոլոր տեսակի` քաղաքականից մինչեւ քրեական պատասխանատվության սկզբունքը` սահմանադրական պարտականություններից շեղվելու համար, եւ այլն: Այսինքն՝ դա համալիր միջոցառումների եւ գործողությունների ամբողջություն պետք է լինի, որի առանցքը, կրկնում եմ` համահայկականությունն է, համախմբել ամբողջ հայության ներուժը, նրանց մղումները, հայրենասիրությունը, որպեսզի մենք կարողանանք այս լուսնի տակ տեղ ունենալ, հակառակ դեպքում, ինչպես տեսնում եք՝ աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, մենք կարող է եւ աշխարհաքաղաքական քարտեզից վերանանք, եթե այս տրամաբանությամբ չընթանանք»,- մտահոգություն է հայտնում սահմանադրագետը:

Գաղափարախոսական դրույթներից բացի, գրքում հեղինակները տալիս են նաեւ դրան հասնելու ուղիները, այսպես ասած` ճանապարհային քարտեզը. «Այդ համախմբմանը հասնելու համար ես տալիս եմ նաեւ, թե սահմանադրական ինչպիսի մոդել պետք է լինի, մասնավորապես՝ մենք նոր սահմանադրություն պետք է ունենանք, որտեղ առանձին մի գլուխ պետք է վերաբերի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, պետական կառավարման եւ իշխանության օղակները պետք է ներգրավեն սփյուռքի կարող ուժերը եւ այլն, իսկ այդ ամենը պետք է սահմանադրական մոդելով լինի: Այսինքն՝ մեզ մոտ, անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին, առաջին հերթին անհրաժեշտ է այս ամենի գիտակցումը, հայրենասիրություն, պատասխանատվության գիտակցում եւ կամք, որովհետեւ այլընտրանք չկա, եթե ուզում ենք, որ մեր երկիրը կարողանա այս մարտահրավերներին դիմակայել եւ գոյություն ունենալ արժանապատիվ ձեւով»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031