Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախության հռչակագրի հղումը հանելը մեծագույն սրբապղծություն է, նույն հաջողությամբ կարող են պետական լեզուն հռչակեն թուրքերենը». Սահմանադրագետ

Փետրվար 02,2024 17:51

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ համաձայն Սահմանադրական դատարանի որոշման (ՍԴՈ-1590, 29.04.2021թ.)՝ Սահմանադրության նախաբանը համարվում է անփոփոխելի դրույթ: Իսկ Անկախության հռչակագիրը,  որը Փաշինյանն ուզում է հանել, հենց նախաբանում է: Մանե Թանդիլյանի դիտարկմամբ՝ եթե Ալիևի նպատակը Հայաստանի ղեկավարությանը նվաստացնելն է, ապա Փաշինյանի պարագայում, լավագույն դեպքում, դիլետանտությունն է. «Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանի թիմում կգտնվի միջին մակարդակի գոնե մեկ իրավաբան այս պարզ ճշմարտությունը բացատրելու համար»:

Քանի որ այս թեմայով հակասական մեկնաբանություններ են լինում, Aravot.am-ը սահմանադրագետ Վարդան Այվազյանից (լուսանկարում) հետաքրքրվեց՝ եթե ընդունվի նոր Սահմանադրություն, նախաբանը պետք է պահպանվի՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով ՍԴ-ի վերը նշված որոշումը: Նա պատասխանեց. «Նախ, Սահմանադրական դատարանով Անկախության հռչակագիրը ճանաչվել է Սահմանադրության բաղկացուցիչ մաս, այլ ոչ թե անփոփոխելի, անփոփոխելին 1-ին, 2-րդ հոդվածներն են, բայց Սահմանադրության պրեամբուլան եթե փոխես ու ուրիշ ոչ մի հոդված չփոխես, դա հավասարազոր է, որ դու ունես նոր Սահմանադրություն: Ե՛վ մասնագիտական, ե՛ւ բարոյական առումով ցանկացած որակապես նոր Սահմանադրությունը ընդունելիս, եթե պրեամբուլայից հանվում է Անկախության հռչակագրի վրա արված հղումը, ես դա անվանում եմ ոչ այլ ինչ, եթե ոչ մեծագույն սրբապղծություն: Դա նշանակում է, որ դու հրաժարվում ես քո Անկախության հռչակագրից: Տեսեք, օրինակ, ԱՄՆ-ի 1776թ-ի Անկախության հռչակագիրը նրանց մոտ համարվում է սրբություն, սուրբ փաստաթուղթ: Եթե դուք ցանկություն հայտնեք իրենց Սահմանադրության տեքստը կարդաք, դուք կարդալու եք 1787-ի սկզբնական տեսքով, իսկ հետագա կատարված փոփոխությունները տալիս են հղումների տեսքով, այսինքն, առաջնային տեքստը, որն առաջին անգամ ընդունվել է, համարվում է սրբություն: Ֆրանսիայի Սահմանադրությունը վերցնենք. 1789-ին Մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների հռչակագիրը իրենց Սահմանադրության խորհուրդը ճանաչել է որպես Սահմանադրության բաղկացուցիչ մաս: Նրանք այդ փաստաթուղթը փայփայում են եւ կատարում են: Հիմա մեր պարագայում Սահմանադրության միջից Անկախության հռչակագրի հղումը հանելը դա մեծագույն սրբապղծություն է, ազգակործան գործողություն: Նույն հաջողությամբ կարող են պետական լեզուն Սահմանադրությամբ հռչակեն թուրքերենը: Դա այդքան ծանր հետեւանք չի թողնի՝ թուրքերենը պետական լեզու հռչակելը, որքան Անկախության հռչակագրի դրույթներից հրաժարվելը: Ես՝ որպես այս երկրի քաղաքացի եւ որպես Սահմանադրության օրենքի գիտակ, անկեղծ եմ ասում, եթե դա տեղի ունենա, ամեն ինչ անելու եմ, որ դա հանրաքվեով չանցնի, բայց ես շատ ծանր սթրես կապրեմ, շատ ծանր կտանեմ դա»:

Ճշտեցինք՝ իրավական ճանապարհով հնարավո՞ր է Սահմանադրության փոփոխությամբ Անկախության հռչակագրի հղումը հանել, եթե ասում եք, որ դա անփոփոխելի չէ՝ նա պատասխանեց. «Իրավական մեխանիզմով ամեն ինչ էլ հնարավոր է անել եւ անունը դնել 4-րդ հանրապետություն, 6-րդ թավշյա եւ բրդյա հեղափոխություն, ամեն ինչ արդեն անունը կարող են դնել: Այսօր ցավոք սրտի էլ ոչնչի վրա զարմանալ չի կարելի: Սահմանադրության դրույթի անփոփոխելի լինելը միայն Սահմանադրությամբ է սահմանվում եւ գործող դրույթներով գրված է, որ առաջին, երկրորդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»:

Մեջբերում ենք Սահմանադրական դատարանի (ՍԴՈ-1590, 29.04.2021թ.) որոշումից․ «5.2. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն ըստ դրանց ընդունող սուբյեկտների իրավասության դասակարգել հետևյալ խմբերի.

ա) Սահմանադրության նախաբանը, 1-3-րդ և 203-րդ հոդվածները՝ որպես Սահմանադրության անփոփոխելի դրույթներ,

բ) Սահմանադրության՝ միայն հանրաքվեի միջոցով փոփոխվող դրույթները՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի բացառիկ իրավազորության ներքո գտնվող սահմանադրական դրույթներ, որոնք թվարկված են Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում,

գ) Սահմանադրության՝ նաև Ազգային ժողովի կողմից փոփոխվող դրույթներ:

Սահմանադրական դրույթների փոփոխման կարգերի տարբերակման նպատակներն են ապահովել Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրի՝ հայ ժողովրդի սահմանած անփոփոխ դրույթներում ամրագրված արժեքների և սկզբունքների գերակայությունը, Սահմանադրության ներքին կայունությունը, Սահմանադրության դրույթների մեկնաբանությունների կանխատեսելիությունը, հնարավոր ներքին կոլիզիաների կանխումը, իսկ դրանց բացահայտման դեպքում՝ լուծումը։

 

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության անփոփոխելի դրույթներն այն հիմնարար և կենտրոնական առանցքն են, որի հիման վրա և շուրջ ձևավորվել և զարգանալու է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը»։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829