«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը: Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք՝ 2024 թվականին Հայաստանը 71,6 միավորով 43-րդ հորիզոնականում էր, իսկ 2023 թ.-ին 49-րդ տեղում էր՝ 70,61 միավորով։
Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 114-րդ տեղը, Ադրբեջանը 167-րդ տեղում է (2024 թվականի համեմատ նահանջել է 3 տեղով), Թուրքիան 159-րդն է (2024թ․ համեմատ 1 տեղով նահանջել է), Իրանը՝ 176-րդ (նույն տեղում է մնացել), ՌԴ-ն նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով և այժմ 171-րդն է։
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության առումով։
Կարդացեք նաև
«Լրագրողներ առանց սահմանների»-ն (RSF) ընդգծում է՝ մինչ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունը մամուլի ազատության վրա հարձակման ամենաակնհայտ ձևն է, տնտեսական ճնշումը նույնքան լուրջ, թեև պակաս ակնհայտ սպառնալիք է։ 2025 թ.-ին մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի տնտեսական գնահատականը շարունակել է անկումը՝ հասնելով կրիտիկական ցածր մակարդակի։ Մամուլի ազատության հետ կապված իրավիճակը առաջին անգամ «բարդ» է դարձել ամբողջ աշխարհում։
Զեկույցում նշվում է, որ վերջին տարիներին 34 երկրում զանգվածային լրատվամիջոցների փակում է տեղի ունեցել, ինչը հանգեցրել է լրագրողների արտագաղթի:
Այս միտքը հատկապես ճիշտ է Նիկարագուայի (172-րդ տեղ, 9 հորիզոնականով նահանջ), Ադրբեջանի (167-րդ տեղ), Բելառուսի (166-րդ տեղ), Իրանի (176-րդ տեղ), ինչպես նաև Մյանմայի (169-րդ տեղ), Սուդանի (156-րդ տեղ), Աֆղանստանի (175-րդ տեղ) համար, որտեղ տնտեսական դժվարությունները սրվում են քաղաքական ճնշման հետևանքով։