Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ժողովրդավար լինելու միակ հնարավորությունը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն էր». Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 02,2025 14:29

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մոտ մեկ ամիս առաջ գրառում էի արել այն մասին, որ Ադրբեջանում մի քանի քաղբանտարկյալ միաժամանակ հացադուլ է հայտարարել։ Նրանցից Թոֆիգ Յագուբլուն շարունակում է մինչ օրս մնալ հացադուլի մեջ, այսինքն՝ արդեն մեկ ամիս։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Փաստաբանների բոլոր միջնորդությունները, որպեսզի նա բժշկական զննության ենթարկվի, մերժվել են։ Յագուբլուի ընտանիքի անդամները ահազանգում են, որ նա կորցրել է հիշողությունը ու ցանկացած պահի կարող է մահանալ։ Նշեմ, որ Յագուբլուն դեռ շուտվանից է հայտնվել ադրբեջանական իշխանությունների թիրախում։ Նա դեռ 2020 թվականին, երբ հերթական անգամ իր քաղաքական հայացքների համար բանտում էր, հացադուլ էր հայտարարել, օգոստոս ամսին՝ Արցախի դեմ հարձակումից առաջ, Ալիևը ժեստ արեց ու ազատ արձակեց նրան՝ կանխելով մահը։ Հիմա ակնհայտ է, որ Ալիևը նման բան անելու միտում չունի։

Ասեմ, թե ինչու եմ այս թեմայի մասին գրում, որովհետև Ադրբեջանի իշխանությունների բոլոր քննադատները, հատուկենտ բացառությունները հանած, պաշտպանել են Արցախի դեմ նրան ագրեսիվ քայլերը, ուղղակի ծափ են տվել պատերազմին ու հայերի դեմ իրականացվող հանցանքներին։ Նրանցից շատերը մտածել են, որ Արցախի թեման «փակելուց» հետո, Ադրբեջանը փոխվելու է, Ալիևն ավելի հանդուրժող է դառնալու քննադատության հանդեպ։ Բայց ամեն ինչ գնաց ճիշտ հակառակ ուղղությամբ։ Ալիևը դարձավ ավելի անհանդուրժող ու անողոք իր ներքին քննադատների հանդեպ։ Յագուբլուն էլ դրանցից մեկն է։

Ադրբեջանի ժողովրդավար լինելու միակ հնարավորությունը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն էր՝ հիմնված փոխզիջումների ու հանդուրժողականության վրա։ Հենց սա էլ իմանալով՝ Ալիևը պատերազմը դարձրեց իր կյանքի առաքելությունը (ձևակերպումը հենց նրանն է)՝ դրանով իսկ բացառելով այդ երկրի բռնապետական վարչակարգի հարցում որևէ փոփոխություն ու ներքին հանդուրժողականության  կամ քննադատության որևէ հնարավորություն։ Հավատացե՛ք հիմա Ադրբեջանը շատ ավելի բռնապետական է ու անհանդուրժող, քան մինչև 2020 թվականի ագրեսիվ պատերազմը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031