Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երեւանում կառուցվող բարձրահարկ շենքում, որտեղ աշխատակիցն ընկել է 6-րդ հարկից ու մահացել։ Սա լուրջ հարցեր է առաջացնում շինհրապարակներում կիրառվող անվտանգության միջոցների կամ դրանց բացակայության վերաբերյալ։ Ո՞վ է պատասխանատու շինհրապարակներում հաճախակի դարձած մահվան դեպքերի համար եւ արդյոք ստուգումները բավականաչափ մանրակրկիտ եւ հաճախակի են:
«Նշված դեպքի առումով հարուցված է վարչական վարույթ, ընտրված է համապատասխան մասնագետների խումբը, ամենայն հավանականությամբ՝ եկող շաբաթասկզբին խումբը կմտնի տարածքի զննման: Դեպքի մասին դեռեւս շատ բան չեմ կարող ասել, որովհետեւ դեռեւս չունենք տեղեկատվություն»,- Մեդիա կենտրոնում թեմայի վերաբերյալ կայացած քննարկման ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը: Նա հավելեց, որ առկա է որոշակի վիճակագրություն, որը դրական միտում չունի:
«Տեսչական մարմինն իրականացնում է ստուգումներ կամ վարույթներ, ստուգումները թեմատիկ, տարեկան ստուգումներն են՝ նախապես պլանավորված, որոնց մասին տնտեսվարողը տեղեկացված է լինում: Ստուգումները 2 ուղղությամբ են իրականացվում՝ աշխատանքի իրավունքի եւ անվտանգության մասով:
Վարչական վարույթների շրջանակում ստուգումները դեպքի կատարված լինելուց հետո են իրականացվում՝ կամ դիմում բողոքների, կամ ԶԼՄ-ներից ստացված տեղեկատվության կամ էլ դատախազության, ոստիկանության, քննչական մարմինների՝ մեզ ուղղված միջնորդագրերով: Արդեն իսկ հարուցվում է քրեական գործ, եւ քրեական գործից զատ, վարչական վարույթի նախաձեռնման նյութեր են նախապատրաստվում, տնտեսվարողի մոտ փորձում են իրականացնել վարույթ, ի հայտ բերել խախտումները, որի արդյունքում տեսչական մարմինը առաջադրում է տույժ եւ տուգանք Վարչական իրավախախտումների մասին նախատեսված օրենսգրքով»,-պարզաբանեց Վահագն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի խոսքով, թեեւ մեզանում օրենսդրությամբ նախատեսված է, որ աշխատողը պետք է ունենա առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ, եւ դրա ապահովման պատասխանատվությունը կրում է գործատուն, սակայն շատ դեպքերում գործատուն ինքն էլ չգիտի, թե ինչպիսին պետք է լինեն առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանները:
«Արդյոք գործատուներն ունե՞ն այն նորմերը, ստանդարտները, որոնք պարտադիր են՝ առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Շատ ոլորտներում մենք նույնիսկ այդ նորմերը չունենք, եւ գործատուները ստիպված են լինում օգտագործել դեռեւս հին ժամանակների ԳՕՍՏ-երը, նորմերը, որոնք այսօր իրատեսական չէ օգտագործել: Ինչ վերաբերվում է բարձր ռիսկայնության որոշ ոլորտների՝ հանքարդյունաբերություն, շինարարություն եւ գյուղատնտեսություն, դրանք պետք է մշտապես մանրադիտակի տակ հետեւելու ոլորտներ լինեն: Այս ոլորտներում ե՛ւ աշխատողը, ե՛ւ գործատուն պետք է հնարավորինս գիտելիքներով զինված լինեն՝ աշխատանքային անվտանգ միջավայր ունենալու համար»,-ընդգծեց Էլեն Մանասերյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի