Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսավորության դարաշրջանի թատերական ու երաժշտական գրականության մեջ հայկական թեմաները շատ ավելի խորն ու բազմաշերտ են. Ալեքսանդր Սիրանոսյան

Մայիս 02,2025 15:26

Աշխարհի շա՜տ թագավորների կերպարներ ու նրանց գահակալության շրջաններն են նյութ դարձել բազմաթիվ ստեղծագործողների համար: Գրվել են նաև երաժշտական մեծակտավ ստեղծագործություններ (Վիվալդի, Սկարլատի, Հենդել, Հասսե, Կայզեր և այլն), սակայն ամենաշատը արքայիցարքա Տիգրան Բ-ի մասին է, այն էլ՝ օպերային արվեստի ժանրում: Ո՞րն է այս ֆենոմենի պատճառը, կամ գաղտնիքը: Կապվեցինք ֆրանսահայ մեծահամբավ երաժիշտ Ալեքսանդր Սիրանոսյանի հետ: Իսկ առիթը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջինիս նվագախմբի, երգչախմբի և մեներգիչների մասնակցությամբ, Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ կայացած «Ճանապարհորդություն դեպի «Տիգրանի մետամորֆոզները» համերգային ծրագիրն էր՝ ի պատիվ մաեստրո Սիրանոսյանի, որը կատարողական գործունեությանը զուգահեռ՝ տասնամյակներ շարունակ զբաղվել է նաև հետազոտական աշխատանքներով: Հեղինակել է մի շարք հոդվածներ: Հայտնաբերել և տարածել է Պ. Բյուսոյի, Գ.Ժունիոնի, Ս. Էլմասի, Տ. Մանսուրյանի, Դ.Հալաջյանի, Կ. Միկոլիի, Ա.Մեսումենցի և ուրիշների քիչ հայտնի և անհայտ երկերը: Ի վերջո, շուրջ 40 տարի ղեկավարել է Ռոմանի (Ֆրանսիա) Երաժշտության ազգային կոնսերվատորիան (1968-2007):

Ալեքսանդր Սիրանոսյանի նկարը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կայքից

Անդրադառնալով «Տիգրանի մետամորֆոզներ»-ին՝ ներկայացնում ենք Ալեքսանդր Սիրանոսյանի մեզ հայտնած հետևյալ խոսքը. «Երբ 1985 թվականին ես լույս ընծայեցի մի քանի հոդված` նվիրված Տիգրան թագավորին վերաբերող մոտ երկու տասնյակ ստեղծագործությունների, որոնք 1960-ականներին ջանասիրությամբ վերականգնել էր կոմպոզիտոր Ավետիս Մեսումենցը, դժվար էր պատկերացնել, որ այդ առաջին կայծը կարող էր մի ամբողջ պատմական հորիզոն բացել: Մաքսիմ Եվադյանը, լինելով Լիոնի «Հայաստանի աղբյուրներ» հրատարակչական նախաձեռնության ղեկավարը, այս նյութերին ծանոթանալուց հետո հուշեց` գուցե արժե ձևավորել առանձին փոքրիկ հատոր: Այդ գաղափարը դարձավ մի նոր փուլի սկիզբ:

Եվ երբ սկսեցի մանրամասն ուսումնասիրել, հայտնագործեցի մի ցնցող իրողություն, Տիգրանի մասին այդ ստեղծագործությունները միայն սառցաբեկորի գագաթն էին: Լուսավորության դարաշրջանի թատերական ու երաժշտական գրականության մեջ հայկական թեմաները շատ ավելի խորն ու բազմաշերտ են: Այս ուսումնասիրությունները, նախքան իրենց թանաքով շունչ առնելը, արդեն իսկ ընդունվեցին որպես նոր ու ինքնուրույն ուղղություն պատմության մեջ:

Իսկ իմ երախտագիտության խոսքն ուղղում եմ մաեստրո Կարեն Դուրգարյանին ու նրա նվիրյալ խմբին, որի ջանքերով Հայաստանն այսօր կարողանում է նոր շնչով խոսել իր մոռացված գանձերի մասին»:

 

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031