Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջը՝ պետությո՞ւն է, թե՞ թայֆաբազություն․ Սաքունցը՝ Նոր Նորքի թաղապետարանի միջադեպի մասին

Մայիս 02,2025 16:08

«Տեսախցիկների առաջ այդ խայտառակ միջադեպը՝ իրականում խմբային կամ խմբի կողմից բռնության գործադրումը, քաղաքացիների նկատմամբ՝ անկախ նրանից, թե այդ քաղաքացիներն ովքեր են, ինչ հայացքներ ունեն, ինչ նպատակ են հետապնդում, խստորեն դատապարտում եմ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Երբ թաղապետարանը դառնում է մարտադաշտ. Նոր Նորքի ծեծկռտուքն ու դրա հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նա անթույլատրելի համարեց այն, որ համայնքային նշանակության կառույցում՝ թաղապետարանում, թաղապետարանի վարչական ղեկավարի, իր աջակիցների հետ միասին՝ թեկուզ սուր քննադատության, ոչ հաճելի քննադատության նկատմամբ կիրառում են բռնություն․ «Կարևոր է, որ քրեական գործ է հարուցվել, ակնկալում եմ, որ քննությունը պետք է իրականացվի և բռնություն կատարողներն անպայման պետք է պատասխանատվություն կրեն»։

Արթուր Սաքունցը նաև մտահոգիչ համարեց, որ վարչական ղեկավարն իր վրա վերցնում է իրավական համակարգի լիազորություններ։ Նա նշեց՝ թաղապետարանը որևէ մեկի սեփականությունը չէ․ «Ինչո՞ւ չեն զանգել ոստիկանություն, որ իրենց բնականոն աշխատանքը խախտվում է։ Այլ հարց է՝ դա կարելի՞ է համարել խախտում, թե՞ ոչ։ Այստեղ նաև համայնքային ծառայողների՝ ղեկավարի գլխավորությամբ, պահվածքն ամբողջովին ոչ միայն բռնության տեսակետից է անթույլատրելի, այլև իրենց վարքագծով հանրության մոտ այնպիսի տպավորություն են թողնում, որ չենք վստահում իրավապահ մարմիններին։ Ո՞նց են պատկերացնում՝ իրենք, լինելով համայնքային ծառայող, իրենց վրա վերցնեն ենթադրյալ կարգի խախտողների նկատմամբ կամ սանձելու կամ նրանց նկատմամբ գործողություններ իրականացնելու գործառույթ։ Թաղապետարանը կամ վարչական այդ կառույցը որևէ մեկի անձնական սեփականությունը չէ, ասես մտել են մեկի տուն, ինքնապաշտպանության են դիմում»։

Անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի թիմակիցների արձագանքին՝ Արթուր Սաքունցն ասաց․ «Նախ ամբողջությամբ դատապարտում եմ նման մոտեցումը հատկապես քաղաքական կուսակցության ղեկավարի կողմից, որը հավակնում է ընտրությունների միջոցով ձեռք բերել մանդատ, որ այդ նույն քաղաքացիների խնդիրները լուծի։ Անթույլատրելի է որևէ քաղաքական ուժի կողմից բռնության արդարացումը։ Կարծում եմ՝ համապատասխան հետևություն ընտրողները կանեն։ Չի կարելի, որ բռնություն քարոզող, բռնությունն արդարացնող քաղաքական ուժն ունենա տեղ ՀՀ-ում՝ անկախ, թե որ կուսակցության մասին է խոսքը։ Պաշտոնատար անձը, որը չունի զսպվածություն կամ չի կարողանում տիրապետել իրեն, դիմում է գրում, դուրս գալիս, վերջ։ Աքսիոմատիկ սկզբունք կա։ Իշխանություն ունեցողը ունի միայն լիազորություն խնդիրները լուծելու և պետք է պատրաստ լինի քաղաքացիների թե′ օրհնանքին, թե′ անեծքին։ Եթե դու այդ գիտակցումը չունես, նշանակում է՝ տեղում չես, և օր առաջ պետք է հրաժարվես։ Փորձել հովանավորել բռնություն կատարած անձանց, մանավանդ, որ արդեն քրեական գործ հարուցվել է, և ձերբակալվածներ կան, նշանակում է՝ պատասխանատվություն վերցնել նաև այդ բռնության համար։ Վերջին հաշվով՝ պետությո՞ւն է, թե՝ թայֆաբազություն, որ սա իմ թաղն է, իմ կալվածքն է, չփորձի որևէ մեկը մտնել։ Մենք դրա համար հարկեր չենք վճարում։ Մենք վճարում ենք հարկեր, որ պետությունն իր կառույցների միջոցով կարողանա կատարել իր պարտավորությունները քաղաքացիների առաջ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031