Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը, 2025 թվականի աշխարհի բացարձակ գավաթակիր Համլետ Մանուկյանը եւ աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող Արթուր Ավետիսյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում ամփոփեցին աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքները:
Հակոբ Սերոբյանն ասաց, որ աշխարհի գավաթի խաղարկությունն առաջին անգամ անցկացվում էր վեց փուլով եւ դա մեր մարզիկների համար ավելի լավ ստացվեց: «Որպես գլխավոր մարզիչ եմ ասում, մեր պլանավորածից ավելի լավ ստացվեց: Այսինքն, պլանավորել էինք, որ բացարձակ գավաթը կվերցնի Արթուր Դավթյանը: Արթուրը գավաթը տարավ, բայց Համլետը կրկնապատկեց, ինչն, անկեղծ, անսպասելի էր: Եվ շատ ուրախալի էր, որովհետեւ ինքն առաջին անգամ մեծ պատվով սկսեց մասնակցել մեծահասակների պայքարին, որտեղ շատ բարդ մրցակցություն էր, իսկ վերջինը Կահիրեում, կարելի է ասել, հավասարազոր էր աշխարհի առաջնությանը:
Մենք մասնակցեցինք գավաթի հինգ փուլերի, միայն Անթալիայում՝ երկու հոգով, մնացածում հինգ հոգի գնում էին, բոլորն էլ եզրափակիչ էին մտնում եւ բոլորն էլ մեդալի հավակնորդ էին: Ամենալավը վերջինը ստացվեց. 3 ոսկե մեդալ: Վեց գործիքից 3-ը մենք վերցրինք: Դա մեր երկրի համար շատ մեծ արդյունք է: Այնպես որ, շատ գոհ եմ, ապրեն տղաները»,-ասաց պարոն Սերոբյանը:
Հայկ Նազարյանը նույնպես բավարարված է տղաների մրցելույթներով: «Ամեն ինչ լավ էր: Բայց աշխատելու տեղեր կան: Առջեւում Եվրոպայի առաջնությունն է: Պետք է ավելի լավ պատրաստվել: Կուզեի, որ բոլոր տղաներն էլ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեն: Ուրախ եմ Արթուր Ավետիսյանը համար, որն առաջին անգամ աշխարհի գավաթում ոսկի նվաճեց: Հուսամ, որ դա, ինչպես ասում են, գալիք Եվրոպայի առաջնությունում Արթուրի առջեւ կբացի ոսկե մեդալների դուռը: Բայց պետք է միշտ հիշել, որ բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են եւ ոչ ոքի թերագնահատել չի կարելի»,-ասաց մարզիչ Հայկ Նազարյանը:
Կարդացեք նաև
Արթուր Ավետիսյանը նշեց, որ միշտ ինչ-որ բան պակասում էր ոսկե մեդալ նվաճելու համար եւ ուրախ է, որ կարողացավ այս անգամ նվաճել: «Երկրորդ, երրորդ տեղեր գրավել եմ, բայց առաջին տեղի համար պայքարում իմ սխալի պատճառով միշտ տուժել եմ: Հիմա էլ կային թերություններ, սխալներ: Բայց պետք է անեմ ամեն ինչ, որ մարզիչներիս հետ աշխատելով նույն այդ սխալները Եվրոպայում չլինեն, որովհետեւ ամեն մի սխալ մեր արդյունքներից մի նիշ, մեդալներից՝ մի գույն իջեցնում է: Մասնավորապես, իմ հիմնական խնդիրը եղել է այն, որ վայրէջքի ժամանակ քայլ կամ մեծ քայլ չանեմ: Այս անգամ փոքր քայլ ստացվեց: Պիտի աշխատեմ, որպեսզի ընդհանրապես քայլ չլինի:
Սպասո՞ւմ էի այսպիսի արդյունքի: Մեր մարզիչները միշտ ասում են՝ եթե մենք մեր կարողացածը լավ անենք, արդյունք ու մեդալներ միշտ էլ կլինեն»:
«Շատ ուրախ եմ: Փառք աստծո, վարժություններս կարողացա լավ կատարել: Եթե մարզիչները գոհ են, բնականաբար, մենք էլ ենք գոհ: Դժվար էր շատ: Բայց սրանից հետո պիտի ավելի շատ աշխատենք, որպեսզի Եվրոպայի առաջնությունում ավելի լավ հանդես գանք: Պարզապես, մրցումների ժամանակ վարժությունները պետք է կատարենք այնպես, ինչպես կատարում ենք մարզումների ժամանակ: Եվ ամեն ինչ շատ լավ կլինի»,-ասաց Համլետ Մանուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ