Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով քիչ առաջ կայացրեց արդարացման վերդիկտ։
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ նախագահող դատավոր Արման Հովհաննիսյանը հրապարակեց վերդիկտը։ Մասնավորապես հայտարարեց․ «Ապացուցված չէ Նարեկ Սամսոնյանին մեղսագրվող հանցակազմի առկայությունը, ապացուցված չէ Վազգեն Սաղաթելյանին մեղսագրվող հանցակազմի առկայությունը, հետևաբար կայացվեց արդարացման վերդիկտ»։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:
Կարդացեք նաև
Նախագահող դատավորն ասաց, որ հաջորդիվ պետք է անցնեն լրացուցիչ դատալսումների, և եթե կողմերն ունեն միջնորդություններ նյութեր ներկայացնելու, կարող են ներկայացնել։ Լրացուցիչ դատալսումների օրն ու ժամը կհայտարարվի դատական նիստին բացակա մասնակիցների հետ համաձայնեցնելուց հետո։
Դատական նիստը հետաձգվեց։ Դատարանի որոշումը դահլիճից ողջունեցին ծափահարություններով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ