«Հրապարակ»-ի հարցերին պատասխանում է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը:
– Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած աննախադեպ միջադեպը՝ ծեծկռտուք ուղիղ եթերում, պաշտոնատար անձանց կատարմամբ, ինչի՞ դրսեւորում էր, եւ ամենակարեւորը՝ բռնարար թաղապետն ընդամենը թեթեւ հոդվածով է անցնում եւ շարունակում է պաշտոնավարել, իսկ նրա քաղաքական ուժը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, որն իբրեւ թե եվրոպական արժեհամակարգ ունի, արդարացնում է տեղի ունեցածը:
– Մենք այս երկրում հազար տեսակի բան ենք տեսել մեր անկախության ընթացքում՝ պատգամավորները պատգամավորների են ծեծել, ինչ-որ մարդիկ ինչ-որ մարդկանց դրսում են ծեծել, քրեական տարրերը ցուցարարների են ծեծել, բայց պետական շենքում քաղաքացուն 15 հոգով տեսախցիկների առաջ ծեծի ենթարկելու դեպքն անօրինակ լկտիություն է: Սրա համար է, որ ես այդ կազմին, որը փորձում է հանդես գալ եվրոպական արժեքների դիրքերից, սկսել եմ կոչել «եվրաթալիբան», որովհետեւ իրենք կրում են Թալիբանի արժեքները, ոչ թե եվրոպական արժեքներ եւ խայտառակում են իրական եվրոպական արժեքները: Անկախ նրանից, թե որքան նյարդայնացած կարող են լինել քաղաքացիները, որքան բարեհունչ կամ ոչ բարեհունչ կարող են քննադատել, պաշտոնյան ուղղակի իրավունք չունի ծեծել քաղաքացուն, եւ այդտեղ «բայց»-եր, «իսկ»-եր չկան: Նման բան անում է Թալիբանը՝ Աֆղանստանում, նորմալ երկրում նման բան տեղի չի ունենում:
– Մինչեւ այս պահը չկա Նիկոլ Փաշինանի արձագանքը, որը շարունակ լոլոներ է կարդում օրենքի առաջ բոլորի հավասարության, պետությունը հարգելու, քաղաքակրթվելու եւ խնդիրները երկխոսությամբ լուծելու մասին, չնայած այն բանին, որ անձամբ պարբերաբար բռնության կոչեր է հնչեցնում: Հաշվի առնելով քաղաքային իշխանությունում ՔՊ-ի կախվածությունը «Հանրապետություն»-ից եւ այն, որ այս սատելիտ ուժն առաջիկա համապետական ընտրություններում դեռ կարող է ծառայություններ մատուցել Փաշինյանին, արդյո՞ք նա փակուղային վիճակում չէ, մի կողմից՝ «Հանրապետության» շանտաժն է, մյուս կողմից՝ հանրային ճնշումը՝ պաշտոնանկ անել թաղապետին:
Կարդացեք նաև
– Ես կարծում եմ, որ եթե պետք լինի, Նիկոլ Փաշինյանը կգտնի ձեւ՝ ե՛ւ կոալիցիան պահելու, ե՛ւ համապատասխան պաշտոնյային պաշտոնանկ անելու․ խոշոր հաշվով, դա գնի հարց է, կարող է մեկ այլ կուսակցականի, օրինակ, փոխնախարար նշանակել` ավագանու անդամի փոխարեն, կամ մեկ այլ՝ որոշումներ դակող դատավորի քվոտա տալ ու այդ բարտերն անել, վերջացրած նրանով, որ Փաշինյանն ուղղակի կարող է քաղաքական «վիլկա» դնել՝ դատարանը համակցված խափանման միջոց կիրառի Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցում կամ արգելք: Այդ դեպքում հարցը շատ հեշտ ու արագ կփակվի՝ եղբայր, մենք հո քաղաքական որոշմա՞մբ չենք ձեր թիմակցին պաշտոնից հանել, դատարանն է՝ եկավ, որոշեց, բայց քվոտան ձերն է, կարող եք այլ կուսակցականի նշանակել: Այնպես որ, եթե Նիկոլին պետք լինի, նա ձեւը կգտնի: Ես կարծում եմ, որ Փաշինյանն ունի այն էլեմենտար քաղաքական բնազդը եւ հոտառությունը եւ հասկանում է, որ կատարվածից հետո չի կարող ոչինչ տեղի չունենալ, հետեւապես, ինքը ձեւը գտնելու է՝ այս հարցին լուծում տալու, իսկ Արամ Զավենիչի հետ պայմանավորվելու հազար եղանակ կա: Ի սեր Աստծո, աշխարհի ամենասկզբունքային մարդկանց հետ չէ, որ գործ ունենք:
– Տեղի ունեցածն առաջին հերթին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է թիրախավորում, տեսակետ կա, որ Փաշինյանի հապաղելը՝ հստակ դիրքորոշում հայտնել, կարող է պայմանավորված լինել ՔՊ-ի ներսում առկա խնդիրներով:
– Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է, այնպես որ, ես չեմ ուզում իրենց պալատական խարդավանքների ու մեկնաբանությունների մեջ մտնել՝ իր գիտությամբ են արել, թե ոչ իր գիտությամբ: Միանշանակ, կարող էին իր գիտությամբ անել, բայց դա այդպես է, թե ոչ՝ ինձ առանձնապես չի հետաքրքրում:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում