Վերջին շրջանում տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, թե ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են, եւ անգամ կան ուսուցիչներ, որոնք շուրջ 600 հազար դրամ աշխատավարձ են ստանում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւս նման հայտարարություններ է անում: Մասնավորապես վերջերս ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ նա ասել էր, որ վարձատրության բարձրացման արդյունքում կան ուսուցիչներ, որոնք մինչեւ 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում, եւ ընդհանուր առմամբ՝ վարձատրության համակարգն էապես բարելավվել է:
Aravot.am-ի հետ թեմայի վերաբերյալ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հետեւյալը նշեց. «Իրականում ուսուցիչների փոքր թվի մասին է խոսքը, Հայաստանում կամավոր ատեստավորումից առավելագույն ստացած ուսուցիչը կարող է վաստակել 300 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, եւս 100 հազար դրամ կարող է ստանալ, եթե ունի բարձրագույն՝ 4-րդ տարակարգ: Այդ երկուսը միասին կազմում են 400 հազար դրամ՝ ներառյալ հարկերը:
Բայց բնագիտական 5 առարկաների ուսուցիչներ հնարավորություն ունեն նաեւ 20 տոկոս հավելավճար ստանալ, դասղեկ աշխատել եւ այլն: Մեկ դրույք աշխատող ուսուցչի աշխատավարձը, որ այդ 5 բնագիտական առարկաներն է դասավանդում եւ դասղեկ է, մոտավորապես պետք է մոտենա 500 հազարին՝ ներառյալ հարկերը:
Բայց հասկանալի է, որ նրանց թիվը շատ քիչ է, որովհետև մեկը դասղեկ չէ, մյուսը երրորդ տարակարգ ունի, ոչ թե բարձրագույն, այսինքն` բոլոր կոմբինացիաները, որ նայում ենք, շատ քիչ ուսուցիչներ կան, որ կարող են 500 հազարից ավելի վաստակել, բայց այդ դեպքում էլ իրենց ծանրաբեռնվածությունը դառնում է ոչ ողջամիտ»:
Կարդացեք նաև
Սերոբ Խաչատրյանը մանրամասնում է. «Օրինակ` իրենք կարող են ունենալ 25-30 դասաժամ, լաբորանտ լինեն կես դրույքով եւ այլն: Նման ծանրաբեռնվածությունների դեպքում է դա հնարավոր, բայց փաստը հետեւյալն է՝ Հայաստանում կա 6000 ուսուցիչ, որոնք հաղթահարել են կամավոր ատեստավորումը, նրանց մի մասը ստանում է 200 հազար դրամ, մի մասը՝ 260 հազար դրամ, մի մասը 280 հազար, մի մասն էլ 300 հազար դրամ աշխատավարձ: Հայաստանում կա 30000 ուսուցիչ եւ 7000 դասավանդող, այսինքն՝ 37000 ուսուցչի մեջ 6000 –ը 1/6-րդն է կազմում: Ստացվում է՝ մոտավորապես 16,5 տոկոսն է ուսուցիչների եւ դասավանդողների ատեստավորված, իսկ մնացած ուսուցիչները՝ 84 տոկոսը ստանում է 120 հազարից-150 հազար դրամ աշխատավարձ, եթե, իհարկե, մեկ դրույքով են աշխատում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ