Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցադրվել է անկախության մասին Հ1-ով չհեռարձակված ֆիլմը

Մայիս 03,2025 15:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության գրասենյակում մայիսի 2-ին կայացավ լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկեւիչյանի «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Թեեւ ֆիլմը ստեղծվել էր Հանրային հեռուստաընկերության պատվերով, այն այդպես էլ չհայտնվեց եթերում։

«Ֆիլմի վրա սկսել եմ աշխատել 2020 թվականին, նախքան պատերազմը։ Ավարտել եմ պատերազմից հետո»,- ասաց Տիգրան Պասկեւիչյանը։

Նա կարծում է, որ ֆիլմի հեռարձակումն Առաջին ալիքով արգելվել է Նիկոլ Փաշինյանի անհամաձայնության պատճառով։

Փաշինյանն, ըստ Պասկեւիչյանի, ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից, քանի որ Քոչարյանի օրոք արգելափակվել է Հյուսիսային պողոտայի կառուցման մասին պատմող նրա «Օտարում. նոր Երեւանի պերճանքն ու թշվառությունը», Սարգսյանի օրոք՝ Մարտի 1-ին նվիրված «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմերը, Փաշինյանի օրոք էլ՝ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ անձամբ չի հրապարակում անկախական շարժմանը նվիրված ֆիլմը, եթե պատվիրատու Հանրայինը հրաժարվում է այն եթեր հեռարձակել, Պասկեւիչյանը պարզաբանեց՝ «Ֆիլմի հեղինակային իրավունքները պատկանում են Հանրային հեռուստաընկերությանը»։

Ֆիլմի հեղինակը միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնեց բուհերում եւ այլ հաստատություններում ցուցադրություններ կազմակերպելու ցանկության պարագայում տրամադրել ֆիլմը եւ, հնարավորության դեպքում, անձամբ մասնակցել հետագա ցուցադրություններին։

Անկախությունը գովազդել չցանկացող իշխանություն․ Արամ Մանուկյան

«Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը փաստերի շարադրում է եւ պատմում է 1988-ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումից մինչեւ 1991-ի սեպտեմբերյան հանրաքվեն ընկած ժամանակահատվածում իրադարձությունների մասին։ Ֆիլմում հնչում են հատվածներ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների եւ այլ հասարակական-քաղաքական գործիչների ելույթներից՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Աշոտ Մանուչարյան, Համբարձում Գալստյան, Վազգեն Սարգսյան, Սիլվա Կապուտիկյան, Ռաֆայել Ղազարյան։

«Այս իշխանություններն անկախությունը գովազդելու ծրագիր չունեն», – ֆիլմի ցուցադրմանը հաջորդած բաց քննարկման ժամանակ ասաց Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանը, ՀԱԿ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, միջոցառման վարող Էլինա Հարությունյանը

Մանուկյանը պատմում է, որ 2020 թվականին իշխանություններին երկու ծրագիր է առաջարկվել՝ 1990-ին ընտրված Գերագույն Խորհրդի եւ ընդունված Անկախության հռչակագրի երեսնամյակի կապակցությամբ։ Առաջինը՝ փաստագրական այս ֆիլմի ստեղծումն էր, երկրորդը՝ անկախության գործընթացի մասին պատմող 200 նկարից բաղկացած ալբոմի պատրաստումը, որը, Մանուկյանի խոսքով, դառնալու էր Ազգային Ժողովի այցեքարտը։

«Իրենք չէին ուզում Շարժումը, անկախության գործընթացը մատուցվի ժողովրդին եւ տարածում գտնի, եւ դա հետագայում ապացուցվեց շատ-շատ փաստերով»,- եզրահանգում է ՀՀ Անկախության մասին հռչակագիրը հրապարակային ընթերցած Արամ Մանուկյանը։

Անկախության պահպանումն՝ ամենօրյա աշխատանք․ Էլինա Հարությունյան

Կուսակցության երիտասարդներից միջոցառումը վարող Էլինա Հարությունյանն էլ Aravot.am-ի հետ կարճատեւ զրույցում բացատրեց կինոդիտումը կազմակերպելու դրդապատճառները։

«Անկախությունը մշտապես վերաիմաստավորելու եւ վերարժեքավորելու կարիք ունի։ Անկախությունը մեկ անգամ եւ անվերապահորեն չի տրվում։ Այն ամենօրյա աշխատանքի արդյունք է։ Ամեն օր պետք է աշխատել անկախությունն ու պետականությունը պահպանելու համար։ Ու քանի որ մենք ուզում ենք անկախության վերաբերյալ դիսկուրս ծավալել հասարակության հետ, որոշեցինք կազմակերպել այս կինոդիտումը», – նշում է զրուցակիցս։

Հարցին՝ հնարավո՞ր է երկրորդ ցուցադրություն նույնպես տեղի ունենա, Էլինան դրական արձագանքեց՝ հավելելով, որ նպատակ ունեն կազմակերպել քիչ տարածման արժանացած ֆիլմերի ցուցադրությունների շարք։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031