1992թ.-ին՝ ընդունելով Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման խնդրի գոյությունը, Ադրբեջանը միջազգային հանրության առջեւ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրավասության բացակայության փաստը։ Առավելագույն իրավունքը, որ Ադրբեջանը ստացել է միջազգային հանրությունից իր ինքնիշխանության ճանաչման ժամանակ, դա ԼՂ կարգավիճակի որոշման բանակցություններին ԵԱՀԽ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցելու իրավունքն էր։ Նույն իրավունքը ճանաչվեց նաեւ Հայաստանի համար։
Այդ իրավունքը ստանալու համար Ադրբեջանը միջազգային պարտավորություն է ստանձնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այստեղ տեղին է նշել մի կարեւոր քաղաքական հանգամանք. շահագրգիռ երկրները՝ Ռուսաստանը եւ Թուրքիան, նույնպես ճանաչեցին ԵԱՀԽ Մինսկի խմբի պայմանները։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հրամայականը ճանաչվել է նաեւ այն երկրների կողմից, որոնք ամենամեծ ազդեցությունն ունեն հակամարտության իրավիճակի վրա։ Սակայն ԵԱՀԽ-ին անդամակցած Ադրբեջանը անմիջապես խախտեց միջազգային իր պարտավորությունները։
ԼՂՀ-ի ադրբեջանական բնակավայրերը վերածելով ռազմական հենակետերի, Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ստեփանակերտը եւ Լեռնային Ղարաբաղի մյուս բնակավայրերը սկսեցին հրետակոծվել խոշոր տրամաչափի հրետանուց: Ամբողջական տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող ԼՂ ժողովուրդն իրացրեց ինքնապաշտպանության իր իրավունքը։ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան հանգեցրեց նրան պարտության։ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ) դե ֆակտո առաջացել է 1992-94 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակի արդյունքում։
Նախկին Ադրբեջանական ԽՍՀ բնակչության տարանջատում տեղի ունեցավ էթնիկ սկզբունքով: ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գիծը միջազգայնորեն ճանաչվեց. փաստորեն նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու անկախ սուբյեկտ էր ձեւավորվել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը։ 1994թ. մայիսի 12-ի զինադադարը Ադրբեջանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի միջեւ կնքվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Կարեւոր է նշել, որ միջազգային ոչ մի փաստաթղթում չկա հայտարարություն, որ պատերազմի ընթացքում կորցրած տարածքներն օկուպացված են ՀՀ-ի կողմից։ Չկան նաեւ պնդումներ, որ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը կազմավորվել են Հայաստանի կողմից։ Այս փաստը հեշտությամբ բացատրվում է նրանով, որ մինչեւ 1992թ. մայիսին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման ճեղքումը, ԼՂՀ-ն խստորեն մեկուսացված էր Հայաստանից։ Ստեփանակերտի օդանավակայանում կար միայն սահմանափակ օդային հաղորդակցություն, որն ամբողջությամբ խորհրդային եւ ադրբեջանական ներքին զորքերի վերահսկողության տակ էր։
Լեռնային Ղարաբաղն իր ինքնապաշտպանական ուժերի համար զենք է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը՝ իր տարածքում տեղակայված խորհրդային զորամասերից։ Իսկ ծանր տեխնիկայի մեծ մասը ինքնապաշտպանական ուժերը գրավել են ադրբեջանական զինուժից՝ մարտական գործողությունների ժամանակ։ Այդ հանգամանքն արտացոլվել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերում, որտեղ Հայաստանի դերը հակամարտությունում գնահատվել է որպես ԼՂ-ի վրա ազդեցություն ունեցող կողմ։ Այս նույն բանաձեւերով ճանաչվում էին ԼՂ ինքնապաշտպանական ուժերը եւ նախկին ԼՂԻՄ տարածքում վերահսկողություն սահմանելու նրանց իրավունքը։ ԼՂ-ի ապագա կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը ԵԱՀԿ(Խ)-ի դիրքորոշումից տարբերվող ոչինչ չեն նշում։
ԵԱՀԿ Մինսկի խումբը քառորդ դար երբեք չի դատապարտել Ադրբեջանի կոպիտ խախտումները. նաեւ չդատապարտեց 2020-ի նոր ագրեսիան: Այնուամենայնիվ՝ ընդունելով նոր իրողությունները, ԵԱՀԿ(Խ) Մինսկի խումբը մնում է որպես Ադրբեջանի շատ հանցագործությունների փաստերի լուռ պահապան: Ընդ որում մնում է՝ խախտելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու՝ 1992թ.-ի պարտավորությունն ու դրանով իսկ ստեղծելով հումանիտար աղետ տարածաշրջանում, խաթարելով միջազգային կոնֆերանսը, կատարելով վեճի առարկայի անեքսիա՝ ԼՂ-ում ուժային գործողությունների եւ էթնիկ զտումների միջոցով:
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում
Իր թերություններով հանդերձ, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության պահպանումը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից։ Հենց այդ պատճառով էլ ալիևն ուզում է այն լուծարել։