«Ես միտումնավոր չեմ շեղվել Արցախ վերադառնալու մասին հարցից։ Ես ուզում էի որպես վերջաբան ասել, որ ոչինչ բացառել հնարավոր չէ»,- Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սին հույսերով սնվելն էլ լավ գործ չէ։ «Բայց ունենալ նպատակ եւ այդ նպատակն առաջ տանել, ամենակարեւոր հանգամանքը դա է։ Ես չեմ ասում, որ մենք կարող ենք կրկնել այն, ինչ արել են հրեաները, բայց ես հավատացած եմ, որ գալու է ժամանակ, երբ աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինելու։ Այդ աշխարհաքաղաքական փոփոխությունների պարագայում մենք պիտի կարողանանք օգտվել առիթից եւ մեր նպատակն իրականացնել։ Եթե ես ասեմ՝ եկեք բոլորս գնանք, իշխանությունը վերցնենք, եւ մեկ կամ հինգ տարի հետո գնալու ենք Արցախ, սովորական սուտասան կլինեմ։ Ես սին հույսեր չեմ ուզում որեւէ մեկի մոտ արթացնել, ես ուզում եմ, որ մենք նպատակ ունենանք եւ այդ նպատակը կարողանանք առաջ տանել։ Իմ սերնդին կարող է դա չհասնել, այսինքն՝ ես կարող է դա չտեսնեմ, բայց այստեղ նստածների 99 տոկոսն ունեն այդ հնարավորությունը՝ հասնելու»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Հայկական համալսարանի համահիմնադիր Էդգար Էլբակյանը հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին խնդրել է Շուշիի քարտեզի վրա հիշատակի գրություն թողնել։
«Կարճ գրել եմ՝ հույս, հավատ եւ պատվախնդրություն։ Ոչինչ առանց պայքարի չի տրվում»,- գրառումն անելուց հետո ասել է Սերժ Սարգսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ