Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում ևս մեկ դրսևորումն է հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող զորակցության։
Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձավ Մարսելի քաղաքային իշխանության և հայ համայնքի սերտ գործակցությանը, գոհունակությամբ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեծ թվով հայորդիներ ապաստան են գտել նաև Մարսել քաղաքում, որտեղ և կազմակերպել են իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի առաջընթացին:
Իր հերթին Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար, անդրադարձավ հայ-ֆրանսիական պատմական առնչակցություններին, կարևորեց տեղի հայ համայնքի և ազգային կազմակերպությունների ներդրումն ու շարունակական ներգրավվածությունը քաղաքի զարգացման գործում։
Կարդացեք նաև
Քաղաքապետ Պայանը նաև հավաստիացրեց Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ