Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ ժամանակներս ՀՀ Վարչական դատարան կդիմեմ հայցով՝ խնդրելով իմ ձերբակալման մասին բելառուսական միջնորդությունը ճանաչել ոչ օրինական․ Ալեքսանդր Լապշին

Մայիս 04,2025 22:23

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը

Ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջիկայում պատրաստվում եմ բավականին ցավոտ հարված հասցնել Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսի հեղինակությանը։ Այս նախաձեռնությունը, հաջողության դեպքում, կլինի նաև Հայաստանի շահերից բխող քայլ։

Մոտ ժամանակներս Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան կդիմեմ հայցով՝ խնդրելով իմ ձերբակալման մասին բելառուսական միջնորդությունը (որի պատճառով ինձ «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տալիս մուտք գործել երկիր) ճանաչել որպես անօրինական, քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, որի նպատակը բացառապես իմ դեմ ուղղված «իրավական ահաբեկչությունն» է, 2004 թվականի Քիշնևի կոնվենցիայի չարաշահումն ու Հայաստանի Հանրապետության դեմ սադրանքները։

Սա լինելու է նախադեպային դատական գործընթաց, քանի որ մինչ այժմ հայկական դատարանները երբեք իրավական գնահատական չեն տվել Բելառուսի արդարադատության համակարգին։ Իմ գործով դատարանը ստիպված կլինի ուսումնասիրել Բելառուսի ներկայացրած մեղադրանքը՝ իբր «Բելառուսի նախագահի պատվի և արժանապատվության վիրավորանքի» համար։

Պատահական չէ, որ արդեն իսկ ունեմ միջազգային իրավական հաղթանակներ․ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 2022 թ․ սեպտեմբերի 7-ի որոշումը և Եվրոպական դատարանի՝ 2021 թ․ մայիսի 20-ի վճիռը հստակ ճանաչել են Բելառուսի մեղավորությունը՝ իմ նկատմամբ իրականացված ապօրինի հետախուզման, Ադրբեջան արտահանձնման և խոշտանգումների հարցերում։

Հայաստանի դատարանը չի կարող անտեսել այս գործը՝ որքան էլ որոշ շրջանակների դա դուր չգա։ Նույնիսկ եթե լինեն դժգոհ զանգեր Բելառուսի դեսպանատնից կամ փորձեր ինձ «հաշտեցնելու» լուկաշենկոյական կարտոֆիլով կամ կասպիական խավիարով, ինչն, անկասկած, նույնպես տեղի կունենա։

Եթե հաղթենք այս դատական գործընթացում, հնարավոր կլինի լրջորեն խարխլել Բելառուսի իշխանությունների և նրանց դատական համակարգի հեղինակությունը։ Դատարանի կողմից բելառուսական պահանջի՝ ապօրինի ճանաչումը կարող է դառնալ կարևոր նախադեպ՝ ապագայում Հայաստանի հասցեին ներկայացվելիք նմանատիպ ցանկացած պահանջի համար։

Սկսում ենք արդեն վաղը։

Հ․Գ․ Հավանաբար, գործի քննությունը և վճռի հրապարակումը կանցնեն առանց իմ անմիջական մասնակցության, քանի որ երկու շաբաթից մեկնում եմ ԱՄՆ և, ամենայն հավանականությամբ, դժվար Երևան վերադառնամ մինչև հոկտեմբերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031