«Ռոբերտ Քոչարյանը մարդ է, որը Հայաստանում ունի ռուսական լրտեսի կարգավիճակ»,-այսօր խորհրդարանում կայացած ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ հայտարարության համար փաստեր չունի, դա իր կարծիքն է եւ քաղաքական հայտարարություն։
«Նա ռուսական շահերը հետապնդող եւ միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, «Հայաստան» խմբակցության անդամների ելույթները համընկնում են ռուսական շահերի հետ։
Ալեն Սիմոնյանը պատահական չի համարում, որ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի թեկնածությունը սատարվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից, հայտարարում է, թե ինքը Հայաստանը տեսնում է ՌԴ-Բելառուս միութենական պետության կազմում։
Տավուշի մարզում սահմանազատում-սահմանագծումը նա համարում է ՀՀ անկախության հիմնաքարերից մեկը, քանի որ ստացել ենք սահման, որը ճանաչված է հակառակորդի կողմից եւ որը, ըստ իրեն՝ ավելի անվտանգ է, քան սահմանի այն հատվածներում, որտեղ դեռ գործընթացը չի եղել․ «Պրոցեսը շարունակվում է, հիմա քննարկվում են այն մասերը, որտեղ հետագայում շարունակությունը լինելու է։ Մենք այդ պրոցեսը ավարտին ենք հասցնելու, ֆիքսել ենք՝ այդ պրոցեսը տեղի է ունենալու Վրաստանից մինչեւ Իրանի ընկած սահման՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որով Սովետական Հայաստանի սահմանները անվանվել են պետության սահմաններ։ Սա մեր հաղթանակն է։ Ադրբեջանի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից որեւիցե ձեւով չի կարող շահարկվել։ Դա մեր հաղթանակն է»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ստորագրման շուրջ բանակցություններ են ընթանում, մանրամասներ ինքը չի հրապարակում՝ չվնասելու համար։
Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին էլ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Ալեն Սիմոնյանը ևս օրինաչափ է համարում, քանի որ 300 հազար մարդ է զոհվել այդ պատերազմում եւ դա էլ մեր հաղթանակն է համարում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































